ԼՂ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ինչպես 1998-2018 թվականներին եւ հաջորդ երկու տարիներին էինք տվայտում, թե ի՞նչ ելք ու հնարավորություն կա/կարելի է գտնել/ հնարել, որպեսզի խուսափենք ԼՂ շուրջ տարածքները վերադարձնելու եւ այդ գնով Ադրբեջանի հետ հաշտության հասնելու ոչ պոպուլյար, բայց միակ օպտիմալ լուծումից, այնպես էլ հիմա ենք փորձում «հավերժական շարժիչ ստեղծել»։
Չափազանց վտանգավոր «զբաղմունք» է։ Ուժային կենտրոններին, ամենայն հավանականությամբ, ձեռնտու է հայ-ադրբեջանական ,,խաղի,, երկարաձգումը։ Բայց մե՞զ։ Ընդ որում, որքան էլ դառը հնչի՝ ինչպես քառասունչորսօրյա պատերազմին նախորդած գրեթե քառորդդարյա դիվանագիտական «պինգ-պոնգ»-ից, այնպես էլ այսօրվա իրավիճակից Ադրբեջանը կորցնելու բան չունի։
Այս իրողությունը պետք է ականջներին օղ անեն բոլորը՝ իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքական գործիչները, փորձագետներն ու վերլուծաբանները։ Իսկ առաջին հերթին՝ հանրությունը, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը»։