Տեսակետ

Լավրովի խոսքից հետո ինչո՞ւ ձայն չեն հանում «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարողները

Լրագրող Ռոբերտ Անանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Լավրովը թվարկում է Արցախի՝ Ադրբեջանի կազմում գտնվելու մեխանիզմները, ապրելու պայմանները։ Լավրովի խոսքից հետո ինչո՞ւ ձայն չեն հանում «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարողները։ Ինչո՞ւ չի լսվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից խոսող ազգասեր (իրական կամ կեղծ) գործիչների ձայնը։ Չեն լսվում նաև նրանց ձայները, ովքեր «Կրիմ նաշ» ասելով՝ իրականում հարվածի տակ էին դնում Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու՝ Արցախի շանսերը։ Ահա, արդեն Լավրովն է Դոնբասի հետ համեմատում ԼՂ-ի ապագան և Կոսովոյի սերբական փոքրամասնության կարգավիճակի հետ է նույնացնում, ոչ թե՝ Կոսովոյի անկախացման պատմության։
Ինչո՞ւ չեն լսվում նրանց ձայները, ովքեր տասնամյակներով խաբել են Արցախի և ՀՀ-ի մարդկանց, որ ՌԴ-ն թույլ չի տա՝ ԼՂ-ն գտնվի Ադրբեջանի կազմում։ Ինչո՞ւ չեն խոսում նրանք, ովքեր խաբում էին, թե ՌԴ-ն չի տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում։ Ինչո՞ւ այդպես էլ որևէ մեկը ներողություն չի խնդրում հայաստանյան հանրությունից՝ շարունակաբար մոլորեցնելու համար։
Կուզեի արտահայտվեր նաև Արցախի էլիտան և հատկապես նրանք, որոնք կոշտ հերքում էին մեր մեջբերումները Պուտինից, թե «ԼՂ-ն Ադրբեջանի տարածք է՝ ըստ միջազգային նորմերի»։ Պուտինը դա ասել է երկու անգամ։ Լավրովն այսօր ներկայացրեց Արցախի՝ Ադրբեջանի կազմում գոյության պարամետրերը։
Ցավն այն է, որ Հայաստանում որոշ մարդիկ այսօր էլ ստում են, թե ՌԴ-ն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմից դուրս, և որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն են Արցախը տալիս Ադրբեջանին։
Հուսանք նաև, որ Հայաստանի «ազգային» ուժերը բողոքի ակցիաներով կփակեն ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մուտքը, ինչպես ԵՄ-ի դեսպանատան առաջ էին ակցիաներ անում, և կպահանջեն ՌԴ-ից՝ Արցախը չնվիրել Ադրբեջանին։ Հուսանք՝ նրանց համարձակությունը կհերիքի Լավրովի դեմ ձայն հանել՝ հանուն Արցախի ոչ ադրբեջանական ապագայի»։