Տեսակետ

Սա Ստեփանակերտն է, այստեղ վաղը հաստատ մի քանի հոգի է գտնվելու, որ ասի՝ Լավրովին պետք է ճիշտ հասկանալ. Աթանեսյան

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայկական «պատասխանատու» մամուլը կմեռնի՝ երբեք չի գրի, որ Լեռնային Ղարաբաղի (իր տերմինաբանությամբ՝ Ղարաբաղի) համար ՌԴ ԱԳ նախարարի «օպտիմալ կարգավիճակը» այն է, ինչ Ռուսաստանը Դոնբասի դեպքում «համաձայնեցրել էր» Ուկրաինայի հետ, ինչի շուրջ մեկ օր առաջ 12 ժամ բանակցել են Սերբիայի նախագահը և Կոսովոյի «վարչապետը»։ Դա «Ղարաբաղի հայկական համայնքների կոնֆեդերացիան է»։ Եթե, իհարկե, Ալիևը համաձայնի։ Իսկ ոմանք Ստեփանակերտում անցյալ հոկտեմբերի 30-ին տասնյակ հազարավոր արցախցիների Վերածննդի հրապարակ էին դուրս բերել՝ հավաստելու, որ Արցախը պաշտպանում է հայ-ադրբեջանական կարգավորման պայմանագրի ռուսական տարբերակը։ Դե գնացեք ու պաշտպանեք։ Բայց սա Ստեփանակերտն է, այստեղ վաղը հաստատ մի քանի հոգի է գտնվելու, որ ասի՝ Լավրովին պետք է ճիշտ հասկանալ, նա մի բան ասում, մյուսն անում է։ Հավատացեք, սիրելի «կովեր», կյանքը կարճ է, ֆինանսական «յոնջան»՝ սահմանափակ․․.
Հ․Գ․ Հա, թող չմոռանան, որ Սերգեյ Վիկտորովիչի էդ «բանաձևը» հնչել է Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակման և անվտանգության ու իրավունքների երաշխավորման «իրավունքի» մասին Ալիևի հայտարարությանը գրեթե ունիսոն։ Բա՞․․․ Թուրքերը մի սկզբունք ունեն․ եթե փոխանակություն՝ ապա «բաշ նա բաշ»»․․․