Տեսակետ

«Փաստեր, թե ինչպես է Ռուսաստանն աջակցել Ադրբեջանին զինվել»․ Անանյան

Լրագրող Ռոբերտ Անանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Փաստեր, որոնք վկայում են, թե ինչպես է Ռուսաստանն աջակցել Ադրբեջանին զինվել, և 2020 թվականի 44-օրյա պատերազմում հաղթել Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերին։

2010-2014 թվականներին Ռուսաստանը վաճառել է Ադրբեջանին հետևյալ զենքները, որոնց գինը նաև այլ մատակարարումների հետ միասին՝ միլիարդավոր դոլարների են հասնում։

- TOR M2, S-300 PMU զենիթահրթիռային համակարգեր,
- 100 տրանսպորտային և մարտական ուղղաթիռներ,
- առնվազն 100 հատ T90-S տանկեր,
- 100 հատ BMP-3 զրահամեքենաներ,
- 18 հատ MSTA - S և TOS 1A ինքնագնաց հրետանային կամ ծանր հրանետ մեքենաներ,
- SMERCH ռեակտիվ կրակի համազարկային համակարգերի դիվիզիոններ

Այս տվյալները կան բաց աղբյուրներում։ Սա չի ներկայացնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառած զենքի և զինամթերքի ողջ ծավալը։ Ընդամենը 4-5 տարվա տվյալներն են։ Ռուսաստանը զենքի այս մեծ ծավալն Ադրբեջանին վաճառել է՝ 2011 թվականի հունիսին Կազանում Սերժ Սարգսյանի, Իհլամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ գագաթնաժողովի տապալումից հետո։ Դրանից առաջ էլ, բայց հետո՝ հատկապես։ Կազանի այդ հանդիպմանը Ադրբեջանը հրաժարվեց ընդունել կարգավորման փաթեթային լուծումը, որը խաղաղ տարբերակ էր։

Կազանի գագաթնաժողովի տապալումից հետո ահագնացավ Ադրբեջանի զինումը։ Եվ Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանն է Ադրբեջանին զենքի առաջատար մատակարարողը։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը հավանություն է տվել և աջակցել է Ադրբեջանի նախագահի պատերազմի ձգտումներին։ Եվ գնելով այս զենքը՝ Ադրբեջանը 2016 թվականին պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այս ժամանակ ի հայտ եկավ ԼՂ-ի կոնֆլիկտի լուծման Լավրովի պլանը։ Այսինքն՝ զենք վաճառելուց բացի Ռուսաստանը նաև դիվանագիտական դաշտում ուներ իր ծրագիրը։ Զենքի վաճառքը Ադրբեջանին փաստացի նպատակ ուներ Ռուսաստանի լավրովյան ծրագիրն իրականացնել՝ Ադրբեջանի հետ համատեղ։

Ռուսաստանից բացի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ոչ մի պետություն (ԱՄՆ, Ֆրանսիա) զենք չի վաճառել ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին։ Ըստ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ինստիտուտի՝ 2011-2020 թվերի ընթացքում Ադրբեջանին սպառազինություն մատակարարած առաջին ու երրորդ երկրները Ռուսաստանն ու Բելառուսն են։ Այդ տարիներին Ադրբեջանի սպառազինության 67%-ը մատակարարել են Ռուսաստանը և Բելառուսը։ Իսկ Թուրքիայից այդ ժամանակահատվածում Ադրբեջանը ներմուծել է իր զինանոցի ընդամենը 2.9%-ը։

Դուք կարող եք հակադարձել, որ Ռուսաստանը նաև Հայաստանին է զենք վաճառել, այն էլ՝ իր ներքին գներով։ Գուցե ասեք նաև, որ որոշ զենքեր ձրի է տվել։ Ես չունեմ փաստեր և չեմ կարող հերքել կամ հաստատել։ Սակայն ակնհայտ է, որ միաժամանակ և՛ Հայաստանի դաշնակից համարված, և՛ միջնորդի դեր ստանձնած ՌԴ-ն Ադրբեջանին զենքի իր մատակարարումներով՝ աջակցել է ռազմաքաղաքական բալանսի խախտմանը հօգուտ Ադրբեջանի։ Բերեմ տվյալներ, որոնք հաստատում են այս պնդումս։

Ըստ ՀՀ ԱԽ 2017 թվականի զեկույցի, կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման տեսակարար կշռով Հայաստանը 10-ը 1-ի հաշվով զիջել է Ադրբեջանին։ Իսկ էներգետիկ համակարգը, տրանսպորտը և սպառազինությունը ներառյալ՝ հարաբերակցությունը կազմել է 21-ը՝ 1-ի հօգուտ Ադրբեջանի։ 2017-ին Ադրբեջանը ուներ երկրի ուղեծրում երեք արբանյակ, որը գնել էր, Հայաստանը չուներ ոչ մեկը։ Երևի՝ հույսը դրել էին Ռուսաստանի վրա»։