Տեսակետ

Ինչո՞ւ փետրվարի 24-ի հանդիպումը չի հանրայնացվել գոնե պաշտոնական տեղեկատվությամբ. Աթանեսյան

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ոչ միայն մարտի 1-ին, այլև փետրվարի 24-ին են հանդիպել։ Ինչու՞ փետրվարի 24-ի հանդիպումը չի հանրայնացվել գոնե պաշտոնական տեղեկատվությամբ, իսկ մարտի 1-ի «բանակցություններից» անգամ լուսանկար է հրապարակվել, և բացահայտվել են կողմերի ներկայացուցիչները։ Ինչու՞ Արցախի ԱԽ-ն ադրբեջանական նախապայմանի և այն մերժելու մասին հայտարարություն չի տարածել նույն օրը։ Ե՞րբ և ի՞նչ խողովակներով է Ադրբեջանը փոխանցել իր «կամ ինտեգրացիա, կամ կոշտ և կտրուկ քայլեր» վերջնագիրը։ 
Պաշտոնապես ասվել էր, որ Ադրբեջանի պատասխանին սպասում են ռուս խաղաղապահների միջոցով։ Փետրվարի 24-ին կողմերը համաձայնեցրե՞լ էին քննարկվելիք խնդիրների շրջանակը։ ԱԺ պատգամավորներից մեկը երեկ մամուլին ասել է, որ արցախյան կողմի բանակցային թղթապանակում եղել է նաև Կաշենի վերագործարկման հարցը։ ԱԽ պաշտոնական տեղեկատվությունը նման ձևակերպում չունի։ Ի՞նչ է փոխվել, որ Արցախի նախագահի խորհրդականը, ով խորհուրդ էր տալիս ձնահյուսի մոտ բարձր չգոռալ, տառացիորեն երկու օր անց խոսում է «շպպացնելու» մասին։ Պատճառը միայն թշնամական դիվերսիա՞ն է։ Իսկ եթե մտնում ենք «պաշարված ամրոցի ռեժիմի» մեջ, ապա ինչու՞, օրինակ, Ստեփանակերտում  պարետային ժամ չի մտցվում։ Ո՞վ է տիրապետում՝ գիշերային քաղաքում ով որտեղ, ինչպես և ինչու է տեղաշարժվում»։