Տեսակետ

«Հայաստանն այժմ չունի «վաղվա փաստաթղթերին» պատրաստվելու ժամանակը բաց թողնելու իրավունք»․ Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ուղիղ մեկ տարի առաջ Մոսկվայում ստորագրվեց ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիրը, որը հետին թվով վավերացումն էր այն գործընթացների, որ ռեգիոնում ծավալվել էին առնվազն վերջին երկու, երկուսուկես տասնամյակի ընթացքում և հասել գագաթնակետին Արցախի ու Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմով:

2022թ․ հունիսի 15-ին «Շուշիի հռչակագրով» Թոււրքիան վավերացրեց պատերազմի իր բաժինը, իսկ Ռուսաստանը մոսկովյան հռչակագրով, այսպես ասած, տեր կանգնեց իր բաժնին: Երկու հռչակագրում էլ արտահայտված է գործնականում այն բովանդակությունը, ինչն անցկացրել են մասնակից երկրներն առնվազն քառորդ դարի ընթացքում և հասցրել Ստեփանակերտ-Շուշի «սահմանագիծ»:

Նորը սկսում է արդեն այդտեղից, որը, սակայն, խոշոր հաշվով դեռևս արտացոլված չէ որևէ փաստաթղթում, որովհետև, ժամանակակից աշխարհը, ներկայիս աշխարհաքաղաքական շրջափուլը փաստաթղթավորման ենթակա չէ: Անորոշը, անկանխատեսելի, աշխարհակարգի ձևավորման կամ վերաձևման բարդ և դեռևս ավարտից զգալիորեն հեռու գործընթացը չես փաստաթղթավորի։

Առայժմ Թուրքիան ու Ռուսաստանն արձանագրում են Կովկասում մրցակցության ելակետերը՝ մեկը Շուշիի, մյուսը՝ Մոսկվայի հռչակագրերով, երկուսի նպատակն ու թիրախն էլ նույնն է՝ Հայաստանի պետականության կազմաքանդումն ու ոչնչացումը։

Դրանք Հայաստանի համար չեն պարունակում որևէ նոր ռիսկ, որևէ նոր սպառնալիք, քան այն ամենը, ինչ եղել է նախկինում, ինչ կար և լինելու էր առանց այդ հռչակագրերի էլ: Ըստ այդմ, ինչպես որ Հայաստանը պետք է պատրաստվի «վաղվա պատերազմի», և անգամ «վաղը չէ մյուս օրվա», քանի որ համաշխարհային զարգացման տեխնոլոգիական արագությունը կայծակնային է, այդպես էլ Հայաստանի խնդիրը՝ որպես պետություն, վաղվա փաստաթղթերին պատրաստվելն է:

Այսօրվա փաստաթղթերին Հայաստանը պետք է պատրաստ լիներ երեկ, երբ առնվազն երկու տասնամյակի հեռվից դրվում էին դրանց հիմքերը: Հայաստանը բաց է թողել ժամանակը, ինչի հետևանքը եղավ թե՛ բանակցային գործընթացի բարդացումը, թե՛ ռազմաքաղաքական իրադրության լարումը, թե այդ ամենի ծանր պատերազմական հետևանքը:

Հայաստանն այժմ չունի «վաղվա փաստաթղթերին» պատրաստվելու ժամանակը բաց թողնելու իրավունք, հետևաբար նաև պետք չէ շեղվել երեկվա կամ այսօրվա փաստաթղթերով և դրանց արանքից պետք է նայել ապագայի մարտահրավերներին ու հնարավորություններին, որ խմորվում են աշխարհաքաղաքական լայն ճակատով»: