Տեսակետ

Այս որոշմամբ միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչվեց եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորությունները

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Շուրջ երկու տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցակարգերի վերացման համար, սակայն, հակառակ Ադրբեջանի ջանքերի, այսօր ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումը և այդ որոշմամբ, ըստ էության, նաև ավելի ամրացրեց և միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորություններն ու դրանով սահմանված կառուցակարգերը։ 
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրվել են և պետք է շարունակեն գործել հետևյալ կառուցակարգերը․
1. Լեռնային Ղարաբաղ միավորի գոյություն. 
այս մասով՝ Ադրբեջանն անդադար փորձում է հերքել ԼՂ միավորի գոյությունը, իսկ Ադրբեջանի նախագահը միջազգային բոլոր գործընկերներից պահանջում և խնդրում է, որ այլևս չօգտագործեն «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը։
2. Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը. 
եռակողմ հայտարարության ստորագրումից օրեր անց Ադրբեջանը բազմաթիվ փորձեր է արել այդ իրողությունը վերացնելու ուղղությամբ։
3. Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվող Ռուսաստանի խաղաղապահ զորակազմ.
եռակողմ հայտարարության ստորագրումից օրեր անց Ադրբեջանի նախաձեռնած բազմաթիվ սադրանքներ ուղղակի հարված են հասցրել ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությանը։
4. Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքով գործող անխափան կապի՝ Ադրբեջանի երաշխավորությամբ և ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողությամբ ապահովման պարտավորությունը. 
այս մասով՝ արդեն շուրջ երկու ամիս Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ կրկին փորձելով քանդել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված՝ Լաչինի միջանցքի ճարտարապետությունը։
5. Ռազմագերիների, պատանդների և անազատության մեջ պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում․ 
հայկական կողմն այս մասով իր պարտավորությունները պատշաճ կատարել է, իսկ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին և անազատության մեջ պահվող քաղաքացիական անձանց պահել գերության մեջ։
6. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում.
30-ամյա շրջափակումը վերացնելուն միտված՝ Հայաստանի բոլոր ընդառաջ քայլերը մինչ օրս պատշաճ արձագանքի չեն արժանացել, և Հայաստանն այժմ էլ շարունակում է մնալ անօրինական շրջափակման մեջ»։