Տեսակետ

Ամուլսարի շահագործումը, ցավոք, ուշացած, բայց այսօր էլ անհրաժեշտ քայլ է. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ կառավարությունը «Լիդիան» ընկերության հետ համաձայնագիր կստորագրի Ամուլսարի շահագործման վերսկսման մասին:

Դեռևս 2020 թվականի հուլիսի սկզբին «Ֆեյսբուք»-ում իմ շատ հարգելի (աներկբա հարգանքով եմ վերաբերում բոլոր ընկերներին և հետևորդներին) ընկերներից մեկի հետ, ում հետ ֆեյսբուքյան ընկերությունը համարում եմ պատիվ, ունեցա թեմայի մասին անձնական խոսակցություն, որի առիթը եղել էր խնդրի վերաբերյալ այդ ժամանակ իմ հնչեցրած գնահատականը: 

Այդ խոսակցության ընթացքում նշեցի, որ ունեմ մտավախություն, որ 2018-ից հետո Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի և ներդրումային այդ խոշոր ծրագրի արգելափակման համար մենք կարող ենք վճարել շատ թանկ գին:
Առիթներ ունեցել եմ ասելու, որ ես խոշորածավալ այդ ծրագրերը դիտարկում եմ տնտեսա-քաղաքական ամբողջության մեջ և համարում, որ միջազգային քաղաքականության մեջ դրանք ունեն մեծ կարևորություն և պայմանավորում են վարքագծային շատ երանգներ: 

Հայաստանում արգելափակվեց արևմտյան խոշորագույն ներդրումային մի ծրագիր, որն, իմ համոզմամբ, ունեցավ նաև ռազմա-քաղաքական հետևանք: Ըստ իս՝ դա եղել է 2018-ից հետո ձևավորված քաղաքական իշխանության մեծ սխալներից մեկը:

Եվ նույնիսկ հարց է առաջանում՝ ու՞ր էին այդ ժամանակ ուժերը, որոնք 2020-ի նոյեմբերից հետո ամեն օր «երդվում» են Արևմուտքի անունով: Ու՞ր էին, երբ պետք էր Հայաստանի և Արևմուտքի գործակցության առարկայական, գործնական, գրեթե միակ շոշափելի և խոշոր օրինակի շուրջ պատասխանատու դիրքավորում, երբ ԱՄՆ դեսպանները, այլ դիվանագետներ ուղիղ կերպով հայտարարում էին, որ այդ ներդրումային ծրագրից է կախված Հայաստանում արևմտյան ներդրումների հեռանկարը: 

Իսկ ո՞րն էր այդ հայտարարությունների տողատակը: Տողատակն այն էր, որ այդ առարկայական օրինակներն են ցույց տալու, թե որքանով ենք պատրաստ պատասխանատու գործընկերության, ոչ թե հռչակագրային քնարերգության կամ պարզունակ հակառուսականության:

Ի դեպ, Ամուլսարի հարցը Հայաստանում անցավ տարիների «ոդիսական», բայց ե՞րբ սկսվեց հանքի շինարարությունը՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյայից երեք ամիս անց:
2022 թվականի ապրիլի 20-ին, երբ Հայաստանի վարչապետը մեկնել էր Մոսկվա, և դրա նախօրեին տարածվել էր ՌԴ նախագահի հետ հայտնի համատեղ հայտարարությունը, Ամուլսար գնաց և «Լիդիան»-ի մասին վերստին հիշեցրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Եվ դարձյալ «քար լռություն», որովհետև խոսքը քնարերգության առիթի մասին չէր, ասենք, այնպիսի, ինչպիսին, օրինակ, «դեսպանը գնաց Սյունիք և այդ այցով փրկեց Սյունիքը»: Առիթը ենթադրելու էր քաղաքական պատասխանատվություն ոչ այնքան պոպուլյար, բայց առարկայական թեմայով:

Սա Հայաստանի ներքաղաքական կյանքի «անատոմիական» դրվագներից մեկն է:

Իսկ Ամուլսարի շահագործումը, ցավոք, ուշացած, բայց այսօր էլ անհրաժեշտ քայլ է թե տնտեսական, թե քաղաքական իմաստով»: