«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Վերջապես Երևանում եմ և կարող եմ Մյունխենի հայտնի հյուրանոցի դահլիճում գտնվող ականատեսի վկայությամբ պատմել Փաշինյան-Ղարիբաշվիլի-Ալիև պանելային քննարկման վերաբերյալ իմ տպավորությունը։
Հարավկովկասյան երկրների առաջնորդների համատեղ քննարկմանը նախորդել էին մի քանի առանցքային քննարկումներ՝ նվիրված եվրոպական անվտանգությանն ու համատեղ անելիքներին, որտեղ կենտրոնական և հիմնական դերը և թիրախը վերապահված էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին։
Շատ կարևոր է, որ հենց այս պանելի մասին գնահատականները ևս բխեն ընդհանուր քննարկվող առարկայի և սուր ու անզիջում ելույթների համատեքստից։ Հնարավոր չէ անաչառ գնահատական տալ այս քննարկմանը՝ առանց հաշվի առնելու, թե ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ՆԱՏՕ-ի գլխ․ քարտուղար Յան Ստոլտենբերգը և ԱՄՆ Պետքարտուղար Բլինքերնը բառացիորեն մեկ ժամ, կամ դրանից ավելի քիչ առաջ այդ նույն շենքում և սրահում ինչ հայտարարություններ են արել։
Այս ելույթներից կարելի է եզրակացնել Մյունխենյան անվտանգության 59-րդ համաժողովի հիմնական ուղերձը, որը տրամագծորեն մերժվեց Ալիևի կողմից։
Ալիևի խոսքն ամբողջությամբ պատերազմի պրոպագանդա էր, ու թեև Երևանը լավագույնս չմատնանշեց ընդդեմ Արցախի և Հայաստանի Բաքվի ու ընդդեմ Ուկրաինայի Մոսկվայի միջազգային կարգն ու իրավունքը ոտնակոխ անելով չսադրված (unprovoked) պատերազմների նմանությունները, բայց Երևանի փոխարեն դա արեց ինքը Ալիևը, հատկապես, երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որպես կապիտուլյացիայի ակտ վկայաբերեց։
Ռուսաստանը ցանկանում է կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային մի չսադրված պատերազմում, և այս կարևոր արձանագրումն արվում է բոլոր կարևոր բանախոսների կողմից: Այս համատեքստում խոսել միջազգային իրավունքին և կարգին դեմ գնալով Հայաստանին ուժով կապիտուլյացիայի ենթարկելու մասին ու դա ներկայացնել որպես նվաճում, սա չի կարող ընկալում գտնել եվրոպական որևէ հարթակում։
Ալիևը հասկացել էր մյունխենյան տրենդը. նա Փաշինյանի՝ ժողովրդավարության և խաղաղության մասին հայտարարությունները հակադրում էր օկուպացիայի դեմ պայքարով՝ Զելենսկու հռետորաբանությամբ, որպեսզի ավելի ընկալելի լինի ունկնդիրների համար։ Սա ինքնին նշանակում է, որ Ալիևը օդի պես կարիք ունի այսպիսի հարթակներում, եվրոպացիների մոտ ապացուցելու, որ Ուկրաինայի օրինակով Ադրբեջանը ևս, պայքարի այլ ճանապարհ չտեսնելով, ուժող պայքարում է օկուպացիայի դեմ:
Այստեղ, իհարկե, արժեր շատ կարճ ակնարկել 2022-ի սեպտեմբերյան չսադրված հարձակումը որպես լայնածավալ ագրեսիա Հայաստանի սուվերեն տարածքի վրա, որն ամբողջությամբ տարբեր է դարձնում Ադրբեջանի և Ուկրաինայի քեյսերը։
Հայաստանի ղեկավարի՝ Մյունխենում, այդ դահլիճում, այդ պանելում գտնվելն ինքնին խոսում է, որ Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել, ավելին, Ալիևի՝ Մյունխենում գտնվելն ու Բլինքենի միջնորդությամբ եռակողմ հանդիպմանը մասնակցելը վկայում է, որ ոչ մի կապիտուլյացիա տեղի չի ունեցել։
Գուցեև եղել է Ադրբեջանի և երրորդ երկրների մտադրությունը 2020-ի պատերազմը դարձնել Հայաստանի վերջնական կապիտուլյացիա և ջախջախում, բայց ակնհայտ է, որ Հայաստանը այդ արհավիրքից հետո ոչ միայն իր պետականությունն է պահպանել, թե բանակն է փորձում ոտքի կանգնեցնել, և թե սուվերեն որոշում է կարողացել ընդունել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով եվրոպացի դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։
Պանելային քննարկման ժամանակ Հայաստանի կոչը Ալիևին՝ հրաժարվել վրեժխնդրությունից և մտածել խաղաղ ապագայի մասին, ամենատպավորիչն էր և դահլիճում ու միջանցքներում քննարկվող հիմնական ուղերձը։
Մյունխենի անվտանգության համաժողովին չի կարելի պատերազմի պրոպագանդա անել, կապիտուլյացիայի մասին խոսել, այն էլ մի երկրի մասին, որի հետ հավաքական Արևմուտքը կոնսենսուս ունի աշխատելու, սերտորեն համագործակցելու։ Հայաստանը այստեղ սպասված ներկայություն է:
Այս պանելում Ալիևը հաղթանակ չի տարել, պանելը չի եղել հաղթելու և պարտվելու մասին, բայց հաշվի առնելով 2020-ի Փաշինյան-Ալիև դեբատի դառը հիշողությունը, որից ութ ամիս անց տեղի ունեցավ 2020-ի ավերիչ 44-օրյա պատերազմը, սա իսկապես կարևոր հաղթահարում և ճեղքում էր»։