Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Պատգամավորը օրենսդրական նախաձեռնություն է առաջ բերել, որով բանկերը քաղաքացիներին այլևս չպետք է տրամադրեն արտարժույթով վարկեր․ «Եթե քաղաքացին չունի արտարժույթով եկամուտ, նա չպետք է ստանա արտարժույթով վարկ»,-հիմնավորում է պատգամավորը՝ արդարացնելով, թե իբր այդպես ապահովագրում է քաղաքացուն ռիսկից:
Նախ, Հայաստանում բավական մեծ է քաղաքացիների թիվը, որոնք ոչ ուղղակի, բայց դե ֆակտո եկամուտ ստանում են արտարժույթով՝ ապրելով արտերկրից իրենց հարազատների փոխանցած տրանսֆերտներով:
Եվ երկրորդն ու, թերևս, առանցքայինը. այդ նախաձեռնությունը պետք է անցնի ՍԴ քննությունը՝ հասկանալու համար, թե խորհրդարանը որքանով է իրավասու սահմանափակել քաղաքացու՝ վարկ ստանալու իրավունքը: Օրինակ, ՀՀ քաղաքացին գուցե ուզում է Հայաստանի բանկում ստանալ արտարժույթով վարկ և դրանով որևէ գործողություն անել այլ երկրում:
Եթե բանկը գնահատում է ռիսկերը, տեսնում է համապատասխան գրավադրման առարկան ու որոշում է, որ արժե տալ այդ վարկը, պատգամավորի ի՞նչ գործն է դա:
Վաղն էլ կարող է որևէ պատգամավորի մտքով անցնել, որ իքս ծավալի եկամուտ ունեցող քաղաքացուն պետք է արգելել կատարել իգրեկ ծավալի գնում, որովհետև դա ռիսկային է, հետո կարող է քաղաքացին «տակից դուրս չգալ», ու, էդպես, մեկն էլ կմտածի սահմանել սոցիալական կատեգորիաներ ու որոշել, թե որ կատեգորիային առավելագույնը որքան վարկ պետք է տրամադրել:
Ֆինանսական ռիսկե՞ր եք ուզում կառավարել, մտածեք մեխանիզմներ, որոնք չեն սահմանափակի մարդկանց իրավունքը և հնարավորությունները: Ձեր ի՞նչ գործն է մտնել «մատի ու մատանու» արանքը, եթե այնտեղ չեք տեսել որեւէ ապօրինություն:
Գլխացավի խնդիրը գիլյոտինով լուծողը, մեղմ ասած, չի կարող որակվել բժիշկ»: