Տեսակետ

Լավրովի խոսքերից հետո հայ հանրությունը հերթական անգամ «կհայտնաբերի»` Ռուսաստանը Հայաստանին դաշնակից չէ. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Լավրովի խոսքերից հետո հայ հանրությունը հերթական անգամ «կհայտնաբերի», որ Ռուսաստանը Հայաստանին դաշնակից չէ:
Եվ դա իսկապես այդպես է: Ռուսաստանը Հայաստանի դաշնակից չի եղել և չէ: Մենք ունենք ընդհանուր հետաքրքրություններ ու շահեր, ընդհանուր աշխատանքի շոշափելի դաշտ, բայց շատ են նաև հակառակությունները, այդ թվում՝ սկզբունքային: Գոնե այսօր դա նորություն չէ որևէ մեկի համար, եթե «երեկ» այդ մասին խոսում էինք քչերս և դառնում թիրախ:
Ամբողջ խնդիրն այն է, որ քանի դեռ Հայաստանը ռազմական հակամարտության մեջ է Ադրբեջանի, և էքզիստենցիալ հակամարտության մեջ՝ Թուրքիայի հետ, ոչ ոք մեզ դաշնակից չէ: Շատ պարզ պատճառով․ այդ պայմաններում լինել մեզ դաշնակից՝ նշանակում է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի թշնամի կամ Ադրբեջանի հանդեպ կաշկանդված:
Դա չի բխում որևէ մեկի, անգամ՝ մեզ ամենամոտ Ֆրանսիայի ռազմավարական շահից: 
Գոնե այսօր՝ մեր գլխին եկածից հետո, մենք սա պետք է հասկանանք, ընկալենք համարժեք, որպեսզի կարողանանք աշխատել մեր կարողություններն ավելացնելու ուղղությամբ: 
Որովհետև մենք գործուն դաշնակից պետություններ կունենանք այն դեպքում, երբ որևէ դաշնակից համոզված կլինի, որ Հայաստանն իր հակառակորդներին կամ թշնամիներին կարող է պատասխանել միայնակ և որևէ ոտնձգության դեպքում անվտանգության հիմնական բեռը կվերցնի իր վրա: Ցավոք, մենք մեր անկախ պետականության ընթացքով ոչ թե մոտեցել, այլ ավելի ու ավելի ենք հեռացել այդ իրավիճակից:
Այստեղ է մեր լուծելիք խնդիրը, ոչ թե «չդաշնակից» «բացահայտելն» ու որևէ մեկին «դաշնակից» երևակայելը: Այդ ամենը մեզնից ընդամենը խլում է էներգիա, ժամանակ, ռեսուրս, ստեղծում մտքի քաոս, աղմուկ և շեղում բուն խնդրի և անելիքի վրա կենտրոնանալուց»: