Տեսակետ

ԱԱԾ բացահայտումները կաթիլ-կաթիլ «ծակում» են հանրային հավաքական ինքնագնահատականը. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Բացահայտվել է պետական դավաճանության նոր դեպք: Ըստ հաղորդագրության՝ ԶՈՒ կապիտանը գումարի և բջջայինի դիմաց տեղեկատվություն է տվել հակառակորդին:
Այդուամենայնիվ, ո՞րն է այդ դեպքերի մասին պարբերաբար հայտարարելու նպատակը կամ օգտակարությունը: Օրինակ, վնասակարության մի հանգամանք ակնառու է: Այդ չափի տեղեկությունների հրապարակումը, երբ ամիսը մեկ կամ մի քանի տեղեկատվություն է լինում այդօրինակ բացահայտումների մասին, էապես ազդում է հասարակական ինքնագնահատականի վրա: Եթե շատ համառոտ նկարագրեմ, առնվազն մի ստվար, շոշափելի շրջանակում բերում է՝ «էս չե՞նք» մտասևեռման:
Իսկ օգտակա՞ր ինչ է տալիս: Կրկնեմ՝ խոսքը բացահայտման մասին չէ, այլ բացահայտումների մասին պարբերական հայտարարությունների: Հանրային, պետական իմաստով գործնականում դա չի տալիս օգտակար որևէ բան: Օգտակարություն կարող է պարունակել, օրինակ, ԱԱԾ-ի համար, ցույց տալ, թե ինչպիսի արդյունավետությամբ են բացահայտվում դավաճանները: Թեև հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ հատկապես պատերազմից հետո: Ինչու՞ այդպիսի բացահայտումներ չկային 44-օրյա պատերազմից առաջ: 
Օգտակարություն պարունակում է իշխանության քաղաքական շահի տեսանկյունից: Մի կողմից՝ այն առումով, որ քաղաքական կամքի շնորհիվ են տեղի ունենում բացահայտումները, մյուս կողմից՝ դավաճանությունների այդ ծավալը ուղիղ համեմատականով «նպաստում» է պետական պատասխանատվության հարցադրումների բեռի նվազմանը: 
Կա՞ այլ օգտակարություն: Կրկնեմ ևս մեկ անգամ՝ խոսքը բացահայտումների մասին չէ, այլ դրանց ինտենսիվ հանրայնացման և, ընդհանրապես, հանրայնացման օգտակարության: 
Բացի կամա, թե ակամա, զուտ քարոզչական օգտակարությունից, որ լուծում է գերատեսչական կամ քաղաքական հեղինակության հարցեր, չեմ տեսնում այլ օգտակարություն: Փոխարենը, ինչպես նշեցի, այդ տեղեկատվությունը կաթիլ-կաթիլ «ծակում» է հանրային հավաքական ինքնագնահատականը: 
Ըստ այդմ, կարծում եմ, պետք է ձեռնպահ մնալ այդ բացահայտումների՝ հաճախակի հանրայնացումից, քանի որ դա չունի որևէ ՕԳԳ, և փոխարենը նկատելի է վնասական ազդեցությունը:
Եվ ավելին, մասնագետներն, իհարկե, շատ ավելի լավ են տիրապետում այդ հանգամանքին, բայց իմ սիրողական դիտանկյունից միամիտ մի հարցադրում. նպատակահարմար չէ՞ «բացահայտվածների» մասին բարձրաձայնումներից զերծ մնալով՝ նրանցից առնվազն որոշ մասի միջոցով ապատեղեկատվություն տրամադրել հակառակորդին: Կրկնեմ՝ սա պարզապես սիրողական հարցադրում է»: