«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«36 օր է՝ Լաչինի միջանցքը փակ է։
Եթե Հայաստանը խորհրդարան ունենար, ու մի հրաշքով էդ խորհրդարանը արտաքին հարաբերությունների հանձնաժողով ունենար, կկանչեր ԱԳ նախարարին և կհետաքրքրվեր, թե ճգնաժամից ի վեր ինչ հանձնարարականներ են իջեցվել արտերկրում և միջազգային կազմակերպություններում առաքելություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցչություններին։
Առաքելություն իրականացնող երկրում ով ինչ հանդիպում, քննարկում, հարցազրույց է տվել իր ռեզիդենտ երկրում։
Ու կարող էր պարզվել, որ Հայաստանը բազմաթիվ երկրներում նույնիսկ դեսպան չունի, բայց Հայաստանի հարկատուները շարունակում են լիքը պարազիտների և նրանց ընտանիքների ծախսերը հոգալ արտերկրում։
Բայց, ավաղ, քանի որ Հայաստանը չունի ոչ խորհրդարան, ոչ խորհրդարանում համապատասխան բարեկամական խմբեր, ոչ արտաքին հարաբերությունների հանձնաժողով, որի նախագահը Բալիում ռուս դիջեյներին ավելի է նախընտրում Հայաստանի խորհրդարանում իր գործընկերների հետ աշխատանքից, արդյունքն էլ պիտի հենց այպիսին լինի։
Եթե Հայաստանը խորհրդարան ունենար, և խորհրդարանում համապատասխան պրոֆիլային հանձնաժողովներ լինեին, այսօր արդեն ԱԺ-ում քննարկում կլիներ, թե ինչու Հայաստանը որևէ մակարդակով չի մասնակցում այսօր Դավոսում մեկնարկող տնտեսական համաժողովին։
Եթե Հայաստանը խորհրդարան ունենար, և խորհրդարանն էլ խոսնակ, Մարիա Զախարովան վաղուց չէր համարձակվի ուզածը բարբաջել Հայաստանի, նրա իշխանության տարբեր ներկայացուցիչների հասցեին։
Բայց չենք հուսալքվում։ Հայաստանը ունենալու է խորհրդարան, որակյալ խորհրդարանական մարմիններ, բարեկամական խմբեր։
Հայաստանն ունենալու է այնպիսի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք առանց տատամսելու ներկայանալու են խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներին և պատասխանատվությամբ հաշվետվություն են ներկայացնելու արված և սպասվող աշխատանքների մասին։
Այս բոլորը մենք ունենալու ենք, չկասկածեք»։