«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Վերջին օրերին մտահոգություն է առաջացնում Արցախից եկող տեղեկատվությունը։
Վստահ եմ, որ Արցախի պետական կառավարման համակարգի շուրջ բոլոր լուծումների հիմքում պետք է լինի Արցախի պետականության ամրապնդման, պետական ինստիտուտների պահպանման, արցախահայության խնդիրների կարգավորման և ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցությամբ անվտանգության ապահովման հրամայականը։ Մենք այլ ճանապարհ պարզապես չունենք։
Հայաստանն ու Արցախը այս դժվարին պատմական իրավիճակից դուրս են գալու միասին՝ խելամիտ քայլերի, սառը հաշվարկված գործողությունների ու դաշնակիցների միջոցով։
Կրկին անգամ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ ուժերիս ներածին չափով օգտակար լինելու Արցախին, մեր հայրենակիցներին։ Այսօր, առավել քան երբեք, մեզ պետք է իրար լսելու ունակություն, ներքին համերաշխություն և միայն կշռադատված քայլեր»։