Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցներում հորդորել է Երևանին ու Բաքվին՝ լուծել Լաչինի միջանցքի հարցը բանակցությամբ, «դիվանագիտական լուծում գտնելու նպատակով անհապաղ ներգրավվել բանակցություններում՝ Լաչինի միջանցքով տեղաշարժը հնարավոր դարձնելու համար»:
Ինչն է այստեղ արժանի ուշադրության: Այն, որ ԱՄՆ-ն փաստացի ասում է, որ Ադրբեջանի պահանջները պետք է լինեն առնվազն քննարկելի-բանակցելի, նոր չէ:
Այս պարագայում նկատեմ հետևյալը. Երևանն ասում է, որ միջանցքի տեղաշարժը Բաքվի և ռուսների պարտավորությունն է՝ հղում անելով նոյեմբերի 9-ի փաստաթղթին: Փաստորեն, դատելով Դոնֆրիդի հորդորի վերաբերյալ պետքարտուղարության հաղորդագրությունից, Վաշինգտոնը կարծում է մի փոքր այլ բան. միջանցքը բացելու հարցում Երևանն ունի անելիք՝ Բաքվի հետ:
Սա պարզապես մտածելու համար»: