ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ես ինչքան հիշողությունս օգնության եմ կանչում, գոնե 2004թ․ Վարշավայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո նվաստացած, խաղաղություն մուրացող կամ ԼՂ անկախությունը ճանաչելու պատրաստ Իլհամ Ալիև չեմ հիշում։ Մարդն ի սկզբանե ասել է՝ կամավոր չվերադարձնեն ԼՂ շուրջ տարածքները, կվերցնենք ուժով։ Իրականությունը շրջափոխելու ի՞նչ կարիք կա։ Հայաստանը և Արցախը պետք է համախոհ կանխեին նոր պատերազմը։ Չե՞նք արել, ուրեմն պատասխանատու ենք բոլորս։ Այդ թվում՝ Ֆիզուլի-Հադրութ ճանապարհի խաչմերուկին մի հազար դոլար արժեցող «սահմանասյուն» տեղադրողներս։ Ուզու՞մ եք՝ Նիկոլ Փաշինյանին խարույկ բարձրացրեք կամ խաչը տվեք ուսերին, գանակոծելով բարձրացրեք Եռաբլուր։ Իրականության մեջ ոչինչ չի փոխվելու։ Միայն հերոսացնելու եք Փաշինյանին, որովհետև մեր ժողովուրդը քաղաքակրթական բարդույթ ունի՝ պանծացնում է նախկինում ձախողվածներին և ատում ներկայի գործիչներին։ Սուրեն Սուրենյանը մի հստակ առաջարկություն է արել՝ թող յուրաքանչյուր կուսակցություն գրի և հրապարակի հայ-ադրբեջանական և ԼՂ կարգավորման պայմանագրի իր տարբերակը։ Ո՞վ է համարձակվելու «Գողգոթա բարձրանալ»։ Թե չէ մամուլը գրում է, որ երեկվա ասուլիսով Փաշինյանը «հրաժարվեց Կարսի, Արարատ լեռան և Նախիջեւանի նկատմամբ Հայաստանի իրավունքից»։ Մոսկվայում «կլուբի մեյմուն» աշխատող «քաղաքագետի» դիտարկում է»։