ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այսօր Լաչինի միջանցքի արգելափակման 24-րդ օրն է և օրեցօր ձգձգվող այս վիճակը աղետաբեր է լինելու:
Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը պահանջում է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները որոշումներ կայացնեն. հետպատերազմյան իրավիճակում այդպիսի որոշումները չեն կարող լինել միայն մեր սրտով և հատկապես մեր սրտով, չնայած այն բանին, որ մենք` թե հանրությունը, թե հասարակական-քաղաքական դաշտը շարունակում է աշխարհաքաղաքական վերադասավորումներին նայել իր նեղ, մակերեսային՝ «իմ բարեկամ», «իմ թշնամի» պրիմիտիվ երդիկից (պատուհան չէ, այլ երդիկ):
Ծանր որոշումներ պետք է կայացնել, բայց դրանք պետք է կայացնել: Ինչ էլ կայացվի` միևնույն է բոլորը դժգոհ են մնալու, որովհետև դեռ ցած չենք իջել «հայոց առասպելական ուժի» բարձունքներից:
Հայաստանը և Արցախը պետք է խոսեն միմյանց հետ, կայացնեն որոշումներ` որպես իշխանություն իրենց ստանձնած պատասխանատվությամբ և ազնիվ խոսեն հանրության հետ:
Եթե այս օրհասական իրավիճակում այդ որոշում կայացնողները չգտնվեցին, զրկվելու ենք նախ` պետականությունից, հետո անկախությունից, հետո կդառնանք fail-state ու առաջիկա հիսուն տարում սերունդներին կպատմենք, որ մենք մի հզոր ազգ էինք, մեզ բոլորը դավաճանեցին ու Նժդեհ ասմունքելով կապրենք:
Կրկնում եմ` ինչ որոշում էլ կայացվի, բոլորը դժգոհ են լինելու (որովհետև այդպիսին է իրավիճակը), բայց էլիտաները պետք է ստանձնեն այդ պատասխանատվությունը, եթե իրենք կամք և ցանկություն են ցուցաբերել այս իրավիճակում լինել կառավարող էլիտան: Ժամանակը մեզ չի խնայելու»: