Տեսակետ

Հայաստանի և հատկապես Արցախի իշխանությունները պետք է փորձեն ուղիղ խոսել Ադրբեջանի հետ. Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այսօր, երբ Ռուսաստանը ավելի է ներքաշվում ուկրաինական մսաղաց՝ ոչ խոստումնալի հետևանքներով, Հայաստանի և հատկապես Արցախի իշխանությունները պետք է փորձեն ուղիղ խոսել Ադրբեջանի հետ՝ պահելով, անշուշտ, և՛ ռուսական, և՛ արևմտյան դիվանագիտական ջանքերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը պետք է փորձեն խոսակցության եզրեր փնտրել... Հասկանալի է, որ շատ բարդ է, դժվար է, երբեմն՝ անհնար, բայց այսպես շարունակվել չի կարող: Դո՛ւք, Արցախի և Հայաստանի իշխանություններ, պատասխանատու եք այս վիճակի համար, որովհետև իշխանություն եք: Իշխանություն՝ նշանակում է պատասխանատվություն և ոչ ստանդարտ մոտեցումներ և լուծումներ:
Արցախը Նախիջևանին ճակատագրին մատնելու 1919 թվականի օրինակը ամենահանցավորը կլինի արցախահայության և հայ ժողովրդի հանդեպ ընդհանրապես:
Մի հավատացեք Մադրիդյան սկզբունքները մեջբերող, Շուշին բանակցային սեղան բերող անպատասխանատու պոռոտախոսներին:
Նրանք իրենց հանցավոր պատասխանատվությունն են փորձում մեղմել պատմության գրվելիք հատորներում:
Այս պահին, այսօր, պետք է իր սեփական հողի վրա պահել Արցախի մեր ժողովրդին: 
Արցախն ու Հայաստանը մենակ են մնացել, ինչպես եղել է մեր պատմության մեջ: Որոշումներ կայացնելիս՝ պետք է մեկնել հենց այս՝ մենակության ԴԱԺԱՆ փաստից»: