Տեսակետ

Սամվել Բաբայանը ինձ սատկացնելու կոչ է անում. Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Քիչ առաջ իմ ընկերներից մեկը ինձ ուղարկեց Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար և այսօրվա Արցախի խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավար Սամվել Բաբայանի հարցազրույցը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ, որտեղ իմ հասցեին հնչում են անկիրթ, սանձարձակ ու վիրավորական խոսքեր, այդ թվում՝ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ բացահայտ կոչ (հարցազրույցում՝ 25:00-ից):
Հարգարժան Բաբայանը, որի հետ մի շարք հարցազրույցներ եմ  վարել Հայաստանում և Արցախում, իմ «Արցախյան օրագիր» գրքում ներկայացրել որպես կարևոր գործող անձ, վիրավորվել է իմ այն հայտարարությունից, որ 1998 թվականին Հայաստանում իրականացված հեղաշրջման պատասխանատուները, որոնց մեջ ես նշել եմ նաև իր անունը, թույլ չտվեցին ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ խաղաղություն հաստատել, և նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում: 
Պարոն Բաբայանի հետ հեղաշրջման պատասխանատուների շարքում նշել եմ Վազգեն Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ինչպես նաև՝ Արկադի Ղուկասյանին, Վարդան Օսկանյանին: Մի քանի անգամ գրել եմ, որ նրանք էին, որ Արցախի հարցն օգտագործելով՝ Հայաստանում իրականացրին հեղաշրջում, եկան իշխանության և թույլ չտվեցին կարգավորում: 
Հարգարժան Բաբայանը, մասնավորապես, առաջարկում է ՍԱՏԿԱՑՆԵԼ ինձ (չի նշում, թե ով պիտի այդ մարդասպանությունը կատարի, գուցե Սիրիայում ծնված ՍիվիլՆեթի հիմնադիրներ Վարդան Օսկանյանը կամ Սալբի Ղազարյա՞նը, իսկ գուցե ՍիվիլՆեթի խմբագիր Կարեն Հարությունյանը կամ Արշալույս Մղդեսյա՞նը, կամ գուցե հենց ի՞նքը՝ պարոն Բաբայանը), քանի որ ես կողմ եմ եղել խաղաղ ճանապարհով հարցի կարգավորմանը, որ այս օրին չհասնենք:
Պարոն Բաբայանը, ՍիվիլՆեթի եթերն օգտագործելով, ըստ էության, հասարակությանը կոչ է անում չհանդուրժել իմ նմանների գոյությունը և ՍԱՏԿԱՑՆԵԼ: Սիվիլնեթը զրույցի այդ հատվածը որևէ կերպ չի կրճատել կամ մեղմել՝ հավատարիմ մնալով խոսքի ազատության սուրբ առաքելությանը: 
Ինքը, պարոն Բաբայանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն էր և ուղիղ պատասխանատվություն է կրում ի պաշտոնե, փակ նիստում առաջարկում էր Ռուսաստանից ժամանակ խնդրել՝ Արցախի ԲԵԶԱԳԱՎՈՐԱՉՆԻ կապիտուլյացիայի համար: Այսօր պարոն Բաբայանը ինձ է մեղադրում պարտության մեջ, երբ ինքը 44-օրյա պատերազմի օրերին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն էր:
Իմ կրթվածությունը և դաստիարակությունը թույլ չի տալու՝ որևէ մեկի, այդ թվում՝ պարոն Բաբայանի հասցեին հնչեցնել վիրավորական հայտարարություններ, մանավանդ, որ Արցախի ՊԲ նախարարը մեծ ավանդ ունի 1991-1994թթ․ պատերազմում, ես միայն խոսել ու կխոսեմ քաղաքական պատասխանատվության մասին, սակայն, մյուս կողմից, այս հարցազրույցը և ինձ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ կոչը պետք է արժանանա իրավական գնահատականի:
Առաջիկայում ես իմ իրավաբանի/փաստաբանի օգնությամբ պատշաճ գործընթաց եմ սկսելու պարոն Բաբայանի և ՍիվիլՆեթի դեմ, որտեղ սիրով ու նվիրումով աշխատել եմ 10 տարի:
Ինձ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ հրապարակային կոչը հնչել է Արցախի հերոսի շուրթերից և ՍիվիլՆեթի լսարանից, ինչը նշանակում է, որ ինձ կյանքից զրկելու սպառնալիքը հավասարապես կիսում են երկուսն էլ:
Ի դեպ, այսօր՝ դեկտեմբերի 29-ը, ծննդյանս օրն է՝ ինձ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ փառահեղ օր Սամվել Բաբայանի և ՍիվիլՆեթի համար: 
Հարգանքներով և բարեկամաբար՝ Թաթուլ Հակոբյան
Հ. Գ. մեկնաբանության բաժնում դնում եմ ՍիվիլՆեթի հարցազրույցը Սամվել Բաբայանի հետ, որն ունի ավելի քան 300 հազար դիտում, ինչպես նաև թագ եմ անում ազատ խոսքի, լրատվության, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների և անձանց՝ ի գիտություն»: