ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայկական «կլասիկ սցենար»․․․ Ապագայի պատմաբանը գուցե Գլենդեյլում, գուցե՝ Ռուսաստանի մի գավառական քաղաքում, բայց նույն «կոնցեպտով» կգրի, որ Արցախի 150 հազար հայությունը, հիմք ընդունելով միջազգային իրավունքի սկզբունքները և հանրաճանաչ նորմերը, երեք տասնամյակ ակնկալում էր ճանաչում, բայց ազերի-թուրք ելուզակները պատերազմ սանձազերծեցին․․․ Կավելացնի, որ միջազգային չափազանց բարդ պայմաններում արցախահայությունը կամ պետք է ենթարկվեր Ադրբեջանին, կամ տեղահանվեր, կամ անցներ զինված պայքարի։ Եվ կեզրակացնի, որ ընտրվեց «չարյաց փոքրագույնը, որպեսզի վառ մնա ազգային-ազատագրական պայքարի ոգին»։ Իսկ պոետները կգրեն․ «Մենք դեռ կվերադառնանք Արցախ»։ Եվ կգնան լակելու իրենց օրվա բաժին անիսոնի օղին կամ Ադրբեջանից Եվրոպա արտահանվող «Աղդամ» պորտվեյնը։ Եվ կեսգիշերային լուսնահարի իրենց կաղկանձը կտարածեն Խաղաղ օվկիանոսի, Սենայի կամ Նևայի ջրերի վրա․․․ Մեծահարուստները կազինոյում, թուրք-ադրբեջանցի խաղամոլների հետ, կես միլիոն դոլարից սկսած խաղադրույք կդնեն և հինգ հարյուր ընթերցող ունեցող գաղութային թերթի ռեպորտյորին կպատվիրեն ևս մեկ հոդված առ այն, որ Միացյալ Նահանգների կոնգրեսն ուր որ է հայերի՝ Արցախ վերադարձն Ադրբեջանին պարտադրող «բանաձև մը քննարկելու պատրաստությանց մեջ է»։