Տեսակետ

Ինչու՞ է դարձյալ հնչում լարվածության թուլացման քայլերի կոչ երկու կողմին, երբ, կարծես թե, մեկն է անում լարվածության տանող քայլեր

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը իր «Ֆեյսբուքի» էջում գրել է.

«Ջեյք Սալիվանը խոսում է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հետ․ իհարկե, առանձին-առանձին, հեռախոսով: Հետո ԱՄՆ-ն տարածում է դրա վերաբերյալ հաղորդագրություն, որտեղ նշում է, որ Սալիվանը երկու կողմին կոչ է արել անել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը: Եվ իհարկե դարձյալ կոչ է արվում վերականգնել միջանցքի ազատ տեղաշարժը: Բայց ուշադրություն դարձնենք ձևակերպումներին: Նշվում է ոչ թե միջանցքի փակ լինելու, այլ «տեղաշարժի արգելքների» մասին:
Իսկ դիվանագիտության մեջ ձևակերպումները խիստ կարևոր են, ու մենք ունենք երկու հասկանալու բան. ինչու՞ է այս վիճակում դարձյալ հնչում լարվածության թուլացման քայլերի կոչ երկու կողմին, երբ, կարծես թե, մեկն է անում լարվածության տանող քայլեր, և մյուսը՝ ինչու՞ մտահոգություն ոչ թե միջանցքի փակ լինելու, այլ «տեղաշարժի արգելքների» կապակցությամբ:
Բայց նախ պետք է հասկանալ՝ ունե՞նք այդ հարցերը ինքներս մեզ տալու, հասկանալու, դրանցում խորամուխ լինելու ցանկություն, որպեսզի հասկանանք, թե իրականում ինչ է ուզում ԱՄՆ-ն, ինչ կարող է լինել, եթե մենք մեզ դնենք ռետինե խողովակի տեղ ու մտածենք, թե ԱՄՆ-ն միայն ու միայն Ղարաբաղի անկախություն ու Կոսովո-2 է ուզում, իսկ դավաճան Ռուսաստանը՝ հակառակը: 
Ինչ է ուզում Ռուսաստանը, սա առավել քան պարզ է, ու պարզ է, որ դա, մեղմ ասած, քիչ ընդհանուր բան ունի մեր ուզածի կամ պատկերացրածի հետ: Բայց ի՞նչ է ուզում ԱՄՆ-ն, ի՞նչ քայլ է ակնկալում Հայաստանից՝ լարվածությունը թուլացնելու համար: Հո ձևի համար չե՞ն գրում այդ նախադասությունները՝ երկու կողմին ուղղված կոչով:
Թե՞ մենք միայն երկրպագուներ ենք՝ Արևմուտք, թե Ռուսաստան, սև, թե սպիտակ, Մեսսի, թե Մբապե, ու այդպես շարունակ»: