«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ՄԱԿ ԱԽ-ի քննարկման բոլոր մասնակիցների՝ Լաչինի միջանցքը բացելու կոչից անդին պետք է տեսնել, թե ինչ ազդեցություն կունենա այդ կոչը Ադրբեջանի վրա:
Այսօր, ի դեպ, գուցե ընդունվի հայտարարություն, որը Ֆրանսիայի առաջարկով պետք է քննարկի Անվտանգության խորհուրդը, և որի բովանդակությունն ու շեշտադրումները չափազանց էական են:
Ոչ մեկը չի կասկածում, որ Ադրբեջանը շատ լավ հաշվարկել է դեպքերի՝ հենց նման զարգացումը: Դժվար է պատկերացնել, որ աշխարհում կարող էր գտնվել գեթ մեկ ողջամիտ երկիր, որը կարող էր ստեղծված ճգնաժամային իրավիճակում այլ դիրքորոշմամբ հանդես գալ:
Հարցը նրանում է, որ ՄԱԿ ԱԽ անդամները թեև կոչ են անում Ադրբեջանին՝ անհապաղ բացել միջանցքը, այդուհանդերձ, իրական քաղաքական հողի վրա ներկայումս աշխարհաքաղաքական մեծ դիմակայության մասնակիցներ են՝ իրենց տարբեր շահերով, տարբեր մղումներով և հետաքրքրություններով, որոնք ուղղակի արտահայտվում են ոչ միայն անմիջականորեն հարավկովկասյան տարածաշրջանում, այլև հայ-ադրբեջանական հակամարտությունում և արցախյան խնդրում:
Այդ իմաստով՝ Ադրբեջանը հենց տվյալ իրողությունների հաշվարկով է նաև, որ գնացել է միջանցքը փակելու և Արցախը շրջափակելու քայլին, և այստեղ է ամբողջ հարցը, թե ինչ է կատարվել ու կատարվում իրական հողի վրա, որտեղ, փաստացի, համաշխարհային պատերազմ է, և որտեղ շոշափվում են բոլորովին այլ շահեր ու տրամաբանություն:
Հետևաբար, այստեղ մեզ հուզող հարցերի հարցը պետք է լինի ոչ միայն «կբացվի, թե ոչ» շեշտադրումը, այլ՝ ինչ միջազգային տրամաբանություն կձևավորվի Լաչինի միջանցքի շուրջ․ և Բաքվին արդյո՞ք կհաջողվի ձևավորել հենց «միայն մարդասիրական» նշանակության հիմք»: