«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց նախորդ շաբաթ ԱԺ-ի ընդունած փաթեթը, որով ստեղծվում է ներքին գործերի նախարարություն: Քանի որ շատ է խոսվել այդ հայեցակարգից, կփորձեմ չկրկնել և կխոսեմ նախարարության ձևավորման հետագա քայլերի ու գործընթացների մասին:
10 օր հետո (ամանորին) 37 օրենքներից բաղկացած օրինագծերի փաթեթը կմտնի ուժի մեջ: Դրանից հետո՝
10-օրյա ժամկետում նշանակվելու է ներքին գործերի նախարար, նույն ընթացքում վարչապետը սահմանելու է նախարարի տեղակալների, օգնականների, խորհրդականների հաստիքների քանակը:
15-օրյա ժամկետում նշանակվելու է նախարարության գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) ժամանակավոր պաշտոնակատար: Եվս 5 օրվա ընթացքում նախարարը սահմանելու է Նախարարության ձևավորման համար անհրաժեշտ կադրերի հաստիքացուցակը:
20-օրյա ժամկետում ձևավորվում են նախարարության ձևավորման աշխատանքային խմբեր՝ հետևյալ ուղղություններով. անձնակազմի կառավարում, իրավական ապահովում և կազմակերպչա-ֆինանսական:
Նախարարի նշանակվելուց հետո մեկ ամսվա ընթացքում կնշանակվեն նախարարի տեղակալների և ենթակա մարմինների ղեկավարները (ոստիկանապետ, փրկարար ծառայության պետ, միգրացիայի ծառայության պետ և այլն):
Նույն մեկ ամսվա ընթացքում մշակվելու է ՆԳՆ կանոնադրության նախագիծը, որի ընդունմամբ նաև ուժը կորցրած կճանաչվի ոստիկանության կանոնադրությունը: Նույն օրը ՆԳ նախարարը կհաստատի ոստիկանության նոր կանոնադրությունն ու կառուցվածքը, որով դրա կազմում այլևս չեն լինի այն ստորաբաժանումները, որոնք տեղափոխվելու են ՆԳՆ-ի կազմ կամ միգրացիայի ծառայություն:
Մեկ ամսվա ընթացքում ոստիկանությունից դուրս կգան ակադեմիան (կրթահամալիրը) ու անձնագրային/վիզաների վարչությունը: Երեք ամիս հետո կդադարեցվի ԱԻՆ-ի գործունեությունը:
6 ամսվա ընթացքում ՆԳՆ-ում պետք է նշանակված լինի սպասարկող և տեխնիկական ստորաբաժանումների (տնտեսական, իրավական, հանրության հետ կապերի և այլն) անձնակազմը: Ոստիկանության և ԱԻՆ-ի ծառայողները կկարողանան դիմել այդ պաշտոնների համար, բայց մասնակցելու են հարցազրույցների (որոնց հանձնաժողովում կլինեն նաև հկ-ները):
12 ամսվա ընթացքում ոստիկանության կազմից ամբողջությամբ դուրս կմնան և ՆԳՆ-ում կստեղծվեն (ոչ թե կտեղափոխվեն, այլ զրոյից կստեղծվեն) տնտեսական, ֆինանսաբյուջետային, իրավական, կադրերի, միջազգային, հանրային կապերի ու այլ վարչությունները»: