ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ճանապարհը Ռուսաստանն է փակել։
Արցախը Հայաստանին կապող ճանապարհը արդեն 6 օր է փակ է, ու բոլորը կենտրոնացել են կեղծ բնապահպանների, նրանց կողմից խեղդվող աղավնու ու էլի մանր մունր դրվագների վրա։
Այս պահին պարզից էլ պարզ է, որ երկու կողմից ճանապարհը ֆիզիկապես փակ է ռուս զինվորների կողմից, և արանքում, ինչ-որ կապկանման երևույթներ, բնապահպանի շորեր հագած, խաղում են Ալիև-Պուտին-Էրդողան գծած պարտիան։
Սկզբնական նպատակը գոնե ինձ համար շատ պարզ է.
Ճնշման արդյունքում Ադրբեջանը կորզում է խաղաղության պայմանագիր, որով ամրագրվում է իր տարած հաղթանակը, ինչպես նաև՝ իրենց լեզվով ասած Նախիջևանի միջանցքը, ու որոշակի երաշխիքներ, որ ռևանշ չի լինելու։
Ռուսաստանը ստանում է արևմուտքը արևելքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկի վերահսկողությունը, ինչպես նաև՝ Արցախում (իսկ Մոսկվայի աչքերով՝ Ադրբեջանում) ունենում է ռազմաբազա։
Այս սցենարի դեմ չենք կարող պայքարել իրար քարկոծելով, վախվորած որոշումներով և միայն միջազգային հանրության արձագանքի վրա հույս դնելով. դա պարտության տանող ճանապարհ է:
Բայց մենք նահանջելու էլ տեղ չունենք, թիկունքում հազարամյա մեր մշակույթն է ու մեր պետականությունը, ու մեր թշնամիների գլխավոր նպատակը, վերոթվարկյալներից անդին, մեզ պետականազրկելն ու մեր մշակույթի շարունակականությունը դադարեցնելն է։
Ես հավատում եմ, որ Հայաստանը մնալու է հանրապետություն, իսկ մեր մշակույթը ծաղկելու ու նոր սերմեր է տալու»։