Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Բերձորի միջանցքի «մաքսակետավորումը» լուրջ ու խորքային վերլուծության թեմա է։ Ադրբեջանի հավակնությունների՝ իրենց սուվերենիտետով աստիճանաբար «ներխուժումն» այդ տարածք կանխատեսելի էր դեռ պատերազմից հետո, և առավել միս ու արյուն ստացավ վերջին շրջանի քաղաքական խոսույթում. Հայաստանից Արցախ իբր ականներ, սպառազինություն տեղափոխելու, Իրանի 14 քաղաքացիների՝ Արցախ գնալու, կամ Արցախից Հայաստան «ապօրինաբար» հանքանյութ տեղափոխելու թեմաները լավագույնս նախապատրաստված օպերացիաներ էին։ Պարզապես, ադրբեջանցիներն էլ չգիտեին, որ իրենց խաղը ավելի մեծ խաղի ենթախաղ է դառնում, որը բերելու էր «ոչ քեզ, ոչ նրան» ելքին և «հավասարակշռված լուծում» էր դառնալու ռուսական ինստիտուցիոնալ «խաղաղապահ-մաքսային» վերահսկողությունը։ Միգուցե Բաքվի կողմից Բերձորի միջանցքին սիմետրիկ Մեղրիի միջանցք պահանջելու հարցն է ստիպել Ստեփանակերտին կամ Երևանին՝ առանձնապես չընդվզել այս տարբերակի դեմ, այլապես ստիպված կլիներ դրա դիմաց կրկին վճարել՝ բավարարելով Բաքվի «զանգեզուրյան միջանցքի» պահանջը, մանավանդ, որ Բերձորի միջանցքում հայկական վերահսկողության մասին այլևս հնարավոր չէ խոսել, և հետևաբար, ադրբեջանական մաքսակետից առավել նախապատվելին ռուսական մինիմաքսակետն էր մնում... Իրականում, այսպիսի արդյունքի դեպքում պատկերն ու խաղը ավելի բազմաշերտ է դառնում, քանի որ իրականում Բաքուն իր խնդիրները ոչ պակաս չափով է բարդացնում, որքան՝ մեր խնդիրները... Ռուսաստանը կրկին ստացել է իր ուզած ևս մեկ բան՝ միջանցքի տոտալ ու նաև մաքսային վերահսկողություն, ստեղծել է նախադեպ և հաջորդ փուլում փորձելու է այդ մոդելը պրոյեկտել Հայաստանի հարավի վրա... Այստեղ էլ նրան պետք կգան Բաքվի պրովոկացիաները՝ ագրեսիոն նոր դրսևորումները, որպեսզի հայկական կողմը կանգնի Սյունիքը պահելու անհնարինության առջև, ու կրկին առաջնորդվի «ոչ թուրքին, վատագույն տարբերակով՝ գոնե ռուսին» բանաձևով... Իրականում, վերջին 2 տարում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի բոլոր դրսևորումների ժամանակ Ռուսաստանի «լռությունն ու չեզոքությունը» սրա մասին են՝ չեք կարողանում պահել, գոնե տվեք ինձ... Այս սահող ագրեսիան մինչև այժմ ժամանակավոր կանգնեցրել են միայն հայկական ուժերի՝ համեմատաբար մարտունակ ստորաբաժանումները, ցավոք՝ ոչ բոլոր հատվածներում (ՊՆ-ն այդ հատվածներում մեր հրամկազմի ու պայմանագրայինների որակական, հոգեբանական ու մասնագիտական հետաքննության ու վերլուծության լրջագույն մարտահրավեր ունի, ավելին չասենք), Արևմուտքի միջամտությունը և Իրանի՝ ատամներ ցույց տալը... Այնպես որ, մինչև գարուն Հայաստանն ահռելի տնային աշխատանք ունի անելու՝ կանխելու համար Ադրբեջանի նոր ագրեսիան, որի այլ շահառու էլ կա, իսկ նախապատրաստություններն անթաքույց են...
Դրա համար պետք է․
-գիշեր-ցերեկ զբաղվել բանակով, սպառազինմամբ, բանակի խոր, լուռ, առանց սալյուտների մոդեռնիզացմամբ, արագ, ամիսների ընթացքում բունկերապատել, կահավորել բոլոր դիրքերը,
-հետախուզության, հակահետախուզության արագ, լավագույն ստանդարտներով ձևավորում՝ գործընթացից հեռու պահելով նրանց, ովքեր, «ներգրավվելով», թույլ չեն տալու, որ բարեփոխումներ լինեն, ինչպես ԶՈւ դեպքում եղավ...
-թույլ չտալ, որ Ադրբեջանը ստանա արևմտյան կամ, թեկուզ, ռուսական ֆորմատի բանակցությունները տապալված համարելու առիթ, ակտիվ աշխատել բոլորի հետ՝ թույլ չտալով, որ Ադրբեջանը վաճառի իր նոր պատերազմը՝ որպես բոլորին «շահաբաժին» տվող...
-երկարացնել ԵՄ և ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների ժամկետը՝ խնդիր դնելով շոշափելի քաղաքական արդյունք ստանալը, օրինակ, ԵՄ կամ ԵԱՀԿ մակարդակով այդ առաքելությունների զեկույցների հիման վրա Հայաստանի՝ ագրեսիայի ենթարկված լինելու քաղաքական դիրքորոշման հրապարակումը...
-կարգի բերել ինֆորմացիոն տարածքի բարդակը, բացառել հիբրիդային ներթափանցումները մեր ինֆո-տարածություն և մեծացնել հանրության դիմակայունությունը,
-եթե հնարավոր է, հաջորդ տարվա վրա հնարավորինս շատ միջազգային միջոցառումներ բերել Հայաստան»։