«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Նա, իհարկե, մեծ մարդ էր մեզ համար, բայց Ռուսաստանի թշնամիների շարքում հաստատ Նապոլեոնից առաջ չէր կարող կանգնել։ Արի ու տես, որ ռուսական պատմագրությունն ու քաղաքականությունը ներում է Մոսկվայի մոխրացման պատճառ դարձած Նապոլեոնին ու չի ներում մի քանի հազար քառակուսի կիլոմետրում արդեն գոյություն չունեցող մի պետության դեմ վարած դիմադրությունը՝ Նժդեհին։
Պաշտոնական մեղադրանքը Հիտլերի հետ գործակցությունն է։ Բայց այստեղ էլ Նժդեհը դժվար թե Քեմալից առաջ կանգնելու շանս ունենա։ Թեև Մոսկվան ջերմորեն է հիշում նաև իր վաղեմի բարեկամ Քեմալին։
Հետևաբար, հարց պիտի ծագի՝ ի՞նչը չի ներվում Նժդեհին։
Պաշտոնապես՝ 1813-ից, իսկ ոչ պաշտոնապես՝ դեռ մի հարյուրամյակ էլ առաջ, երբ Ռուսաստանը, որպես քաղաքական գործոն, հաստատվեց Հայաստանում, այդ պահից ի վեր չի եղել մի դեպք, երբ ռուսները այս տարածքներում հայտնվեն որպես անկոչ հյուր։ Ավելին, առանց հատուկ խնդրագրերի։ Եվ այս տարածքները իրենց մեջ կրում էին արդեն ավանդույթ դարձած մի քաղաքական բանաձև, որ Մոսկվան գալիս է, երբ շատ ենք աղերսում, և հեռանում է միայն մեր ապերախտության պատճառով։ Հայ ժողովրդի ազատագրական պայքարի սանձը ցարական հեծելազորի ձեռքերում էր, և ամեն անգամ հայ ժողովուրդը պարտավոր էր տենչալ ազատություն, երբ Մոսկվան արշավում էր թուրքերի վրա, իսկ հետո պարտավոր էր հնազանդ կոտորվել, երբ Մոսկվան հաշտություն էր հաստատում թուրքերի հետ։
Այս բանաձևի դարեդար կրկնությունը Կրեմլի քաղաքական մտքի ժառանգության մեջ ձևավորել էր այս տարածքների տիրոջ ընկալում, որին դիմավորում են ծափերով և ճանապարհում արտասուքն աչքերին։ Այլ բան այս տարածքների վրա Մոսկվան չի կարողանում ընկալել։ Եվ ահա մի մարդ համարձակվել էր դիմավորել առանց ծափերի, ճանապարհել հետապնդելով ու հանդգնել էր շարունակել ազատության համար կռիվը, երբ հրամայված էր հանձնվել թուրքերին։ Նժդեհը հանդգնել էր վիճարկել այս տարածքների տերը լինելու իրավունքը։ Ահա սա չի ներվում Նժդեհին՝ պետպատվերից դուրս ազատության ձգտելու իրավունքը։
Եվ քանի որ Մոսկվան հրաժարվել և հրաժարվում է այս տարածքներն ընկալել որպես անջատ մի բան, Նժդեհը և իր նմանները՝ բոլոր նրանք, որոնք պետպատվերից դուրս էլ են պայքարում ազատության համար, համարվում են ոչ թե հակառակորդ (որը իր տարածքում իր սխալ ճշմարտության իրավունքն ունի), այլ հանցագործ։ Այս է պատճառը, որ այն, ինչ ներվում է Նապոլեոնին ու Քեմալին, չի ներվում Նժդեհին։ Որովհետև առաջիններին Մոսկվան ընկալում է, որպես անջատ ու հավասար սուբյեկտ, իսկ երկրորդին՝ որպես ներքին խռովարար։
Եվ քանի դեռ մեր պատմությունը մեզ չի հանդիպացրել՝ համոզվելու մի նոր առիթի, արժի նայել ուրիշի օրինակը։ Մերօրյա Մոսկվայի երկու համոզմունքներն առ այն, որ Ուկրաինայում իրենց պիտի դիմավորեին ծաղիկներով, իսկ Բանդերան հանցագործ էր ու ֆաշիստ, հենց այս նույն պատմության անալոգն է։ Ռուսաստանը հրաժարվում է նաև Ուկրաինան ընկալել որպես առանձին մի բան և, ըստ այդմ, չի ներում նրանց։
Բայց պատմության շուրջ այս մտորումները արժեք ունեն բացառապես բանաձևեր գտնելու համար։ Ո՞րն է բանաձևը. բանաձևն այն է, որ եթե հայ ժողովուրդը կամք չդրսևորի՝ շարունակել իր պետության համար պայքարը այն պահին, երբ Մոսկվան փակել է հայրենասիրության պետական ծրագիրը և պահանջում է հաշտեցում, եթե հայ ժողովուրդը ինքն իր ներսում որոշում չկայացնի, նույնիսկ պետք եղած դեպքում, Մոսկվայի դեմ կանգնել անկախության համար, եթե հայ ժողովուրդը սեփական ազատության համար պատրաստ չլինի տալ մեկ տասներորդը այն զոհերի, որը տվել է համամարդկային վեհ նպատակների ու, ձեռքի հետ էլ, Ռեյխսթագի պատերի տակ ինքնամոռաց տռճիկ տալու իրավունքի համար, ապա պատմության այս էջը կփակվի մի նոր կոտորածով և կփակվի առհավետ։
Եվ բոլոր նրանք, որոնք հույս ունեն, որ կոսմոպոլիտիզմի, ինտերնետի, ինդիվիդուալիզմի ու մեկուսացման այս դարում կհաջողվի եկեղեցու ու «ավանդական կուսակցությունների» միջոցով զբաղվել «հայապահպանությամբ» ու վերականգնել պետությունը, ինչպես պատահաբար դա ստացվել է մի քանի անգամ, չարաչար սխալվում են։ Մեր հաջորդ սերունդները, եթե առհասարակ իրենց համարելու լինեն որևէ ազգի ներկայացուցիչ, ապա համարելու են այն ազգի ներկայացուցիչ, որի պետության քաղաքացին են։ Ու վայն եկել է տարել մեզ, եթե դա չլինի Հայաստանը»։