Տեսակետ

Զարմանում եմ, երբ «կարո՞ղ էինք կանխել պատերազմը» հարցին լսում եմ միարժեք պատասխաններ...

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Զարմանում եմ, երբ «կարո՞ղ էինք կանխել պատերազմը» հարցին լսում եմ միարժեք՝ «այո, կարող էինք» պատասխաններ մարդկանցից, որոնք հաստատապես չեն տիրապետում տեղեկատվության այն խորհրդապահական մակարդակին, որը թույլ կտա այդ առնչությամբ անել շատ թե քիչ պնդումներ:
«Այո, կարող էինք»-ի հիմքում սովորաբար մեկ փաստարկ է՝ համաձայնում էինք կարգավորման փոխզիջումային տարբերակներին, չէինք դնում առավելապաշտական պահանջներ և հանձնում էինք տարածքները: Սա առանձին խոսակցության առարկա է՝ այդ մոտեցման դիվանագիտական տակտիկականության արդյունավետության հարցը: Այստեղ կարող է լինել տևական քննարկում, ու լավ կլիներ, եթե այդ հարցը Հայաստանում լիներ հենց քաղաքական քննարկումների ու բանավեճերի, ոչ թե «հանձնող»-«չհանձնող», «հերոս»-«դավաճան» կոնյուկտուրային մանիպուլյացիաների առարկա՝ մոտ երեք տասնամյակ շարունակ:
Բայց երբ խոսում ենք փոխզիջման միջոցով պատերազմ կանխելու մասին, գոնե խոսենք ենթադրական, վարկածային, տեսական, այլ ոչ՝ միարժեք պնդումների ռեժիմով: Ի վերջո, մենք ընդունում ենք, չէ՞, որ հայ-ադրբեջանական, արցախյան կոնֆլիկտը եղել է ու կա ոչ թե զուտ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ, այլ աշխարհաքաղաքական մի շարք կենտրոնների բազմաշերտ դիմակայության մի օղակ: Հետևաբար, միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխզիջումը բավարար չէր և առ այսօր բավարար չէ որևէ լուծման համար: Դրա համար անհրաժեշտ է որևէ կենտրոնի՝ այն աստիճան դոմինանտություն, որ մյուսները չկարողանան խանգարել նրա առաջ մղած և հովանավորած որևէ կարգավորման տարբերակի իրականացմանը: 
Չի եղել այդպիսի մեկը, և, դժբախտաբար, մեծ կոնսենսուս եղել է ընդամենը երկու անգամ՝ 1994-ին պատերազմը ավարտելուն «չխանգարելու» և 2020 թվականին պատերազմ սկսելուն «չխանգարելու» հարցում:
Սա չի նշանակում, որ հիմնավոր է պնդումը, թե չէինք կարող խուսափել պատերազմից: Բայց որևէ ավելի հիմնավորում չի կարող ունենալ հակառակը պնդելը, թե՝ կարող էինք, բայց չգնացինք փոխզիջման և ստացանք պատերազմ:
Այլ հարց է, որ մենք իրապես կարող էինք լինել մեզ սպառնացող պատերազմին բազմակի ավելի պատրաստված պետություն, և դրա համար ունեինք հարաբերական խաղաղության ավելի քան երկու տասնամյակ, որը, ցավոք, օգտագործեցինք անարդյունավետ: Մինչդեռ, հենց դա կարող էր լինել պատերազմը կանխելու՝ թերևս միակ կենսունակ գործիքը մեր ձեռքին»: