Բիզնես բլոգեր, մարքետոլոգ Վահագն Դիլբարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ինչպես գիտենք, այսպիսի մի մեծ ինդուստրիա կա, կոչվում է կիսահաղորդիչներ կամ semiconductor։ Սրանք նորագույն տեխնոլոգիաների զարգացման հիմքն են, առանց որոնց ոչինչ հնարավոր չէ ունենալ։ Բնական է, որ այս շուկայի առաջատարն ԱՄՆ-ն է, իսկ ամենամեծ սպառողը՝ Չինաստանը։ Քանի որ չինացիները մեծ զարկ են տվել տեխնոլոգիաներին, զենքերի ու հրթիռների արդյունաբերությանը, բնական է, նրանք էլ խոշոր սպառողներն են։
Եվ այսպես, ամերիկացիներն արգելել են իրենց ամենակարևոր պրոդուկտի՝ կիսահաղորդիչների արտահանումը Չինաստան։ Բացի այդ, այն ամերիկացի մասնագետները, ովքեր աշխատում են Չինաստանում ու զբաղեցնում տարբեր պաշտոններ, կզրկվեն ամերիկյան քաղաքացիությունից, եթե օգնեն չինացիներին։ Սա չտեսնված հարձակում է, որից տուժելու է Չինաստանը կարճաժամկետ կտրվածքով, քանի որ հիմնական մասնագետները, ղեկավարներն ամերիկացիներ են, ովքեր մասսայական դիմում են գրում և հեռանում չինական գործարաններից։ Մեկ օրում կանգնել է մի հսկա ինդուստրիա, քանի որ մասնագետ չկա՝ բոլոր կարևոր օղակներն ամերիկացիների ձեռքում էին։ Հիշեցնեմ, որ մինչ այդ չինական Huawei-ն իր բջջային հեռախոսների բաժինը վաճառել էր, քանի որ խնդիրների առջև էր կանգնել ԱՄՆ-ի արգելքներից։
Պատկերացրեք, թե ինչ խնդիրների մեջ էր ընկել Huawei-ը, երբ նրանց առջև փակվել էր մի շարք տեխնոլոգիաների նկատմամբ հասանելիությունը, իսկ հիմա արդեն ամբողջ Չինաստանի առջև է փակվում։ Մրցակցությունն արդեն էլ ավելի է թեժանում՝ տուժում են բոլորը, այդ թվում ամերիկյան արտադրողները՝ ի դեմս Nvidia-ի, սակայն ամերիկացիները վճռական են՝ սահմանափակում են իրենց տեխնոլոգիաների նկատմամբ հասանելիությունը»։