Տեսակետ

Ադրբեջանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի ուշագրավ միտքը

Ադրբեջանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի ուշագրավ միտքը

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ադրբեջանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Փարվին Միրզազադեն «բաց նամակ» է հղել իր հայ պաշտոնակից Էդմոն Մարուքյանին, որտեղ, թերևս, ամենաուշագրավ միտքն այն է, որ Ադրբեջանը ԱՊՀ-ին «անդամակցել է 1991թ․ հունվարի 1-ի դրությամբ Ադրբ․ ԽՍՀ վարչական սահմաններով, որոնք ներառնում են նաև նախկին ԼՂԻՄ տարածքը»։ Սա, ամենայն հավանականությամբ,  պետական-պաշտոնական նարատիվ է, ինչի առթիվ հարկ է երկու դիտարկում անել։ 

Նախ, Բաքուն կամա, թե ակամա ընդունում է «Պետական
անկախության վերականգնման մասին» 1991թ․ հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտի ոչ լեգիտիմությունը, քանի որ վերջինս անկախ պետականության հիմք է ընդունում 1918-20 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդությունը, իսկ պետական այդ կազմավորումը միջազգայնորեն և հարևան պետությունների՝ Իրանի, Վրաստանի և Հայաստանի, կողմից ճանաչված ու փոխադարձաբար համաձայնեցված սահմաններ չի ունեցել։ Ստացվում է, որ Ադրբեջանը անկախ է հռչակվել որպես ԱԴՀ, բայց միջազգայնորեն ճանաչվել իբրև Ադրբ․ ԽՍՀ իրավահաջորդ։ Ինչը և խոստովանում է Փարվին Միրզազադեն։ 

Երկրորդ, եթե Ադրբեջանը հիմք է ընդունում 1991թ․ հունվարի 1-ի դրությամբ Ադրբ․ ԽՍՀ ունեցած վարչական սահմանները, ուրեմն ճանաչում է այդ պահին և մինչև ԽՍՀՄ իրավական փլուզումը գոյություն ունեցած վարչատարածքային իրողությունները։ Այս  դեպքում խոսք չի կարող լինել «նախկին ԼՂԻՄ-ի» մասին։ 1991թ․ հունվարի 1-ին ԼՂԻՄ-ը կար, ուներ իր տարածքը և վարչական սահմանները։ Ադրբեջանը, սակայն, 1991թ․ նոյեմբերի 25-ին, ի խախտումն ԽՍՀՄ սահմանադրության, ընդունել է «ԼՂԻՄ-ը լուծարելու մասին» օրենք, որը երեք օր անց՝ 1991թ․ նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից ճանաչվել է ԽՍՀՄ սահմանադրությանը հակասող և իրավական ուժ չունեցող։ 
Հետևում է երկու եզրահանգում․

-եթե տարածքի առումով Ադրբեջանը Ադրբ․ ԽՍՀ իրավահաջորդն է, ապա խոսքը ոչ թե «նախկին», այլ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ իրավական առումով գոյություն ունեցող ԼՂԻՄ տարածքի մասին է, որ վարչականորեն առանձնացված է Ադրբ․ ԽՍՀ-ից
-հայ-ադրբեջանական սահմանազատումը 1991թ․ հունվարի 1-ի վարչատարածքային իրողություններով իրականացնելու դեպքում Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի սուվերեն տարածքից, վերականգնվի  ԼՂԻՄ-ի տարածքը և վարչականորեն զատվի Ադրբեջանից։

Մնացած հարցերը քաղաքական և դիվանագիտական քննարկումների առարկա են»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական