Տեսակետ

Ո՞րն է չափումը, որ թույլ է տալիս խոսել Սոչիում Ռուսաստանի ձախողման կամ չձախողման մասին

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երբ խոսվում է Սոչիում Ռուսաստանի ձախողման մասին, առաջանում է հարց՝ իսկ ի՞նչ պետք է լիներ, որպեսզի չխոսվեր ձախողման մասին: Օրինակ, մենք ի՞նչ արդյունք էինք պատկերացնում, որ չասեինք, թե Ռուսաստանը ձախողվեց Սոչիում: Սա ասում եմ, եթե իրավիճակը դիտարկենք համակրանք-հակակրանքի կամ ճաշակի ու ցանկությունների դաշտից դուրս:
Ինչ, Երևանն ու Բաքուն պետք է խաղաղության պայմանագի՞ր կնքեին Սոչիում կամ հայտարարեին կնքելու կոնկրետ ամսաթի՞վ, թե՞ Ալիևը պետք է հայտարարեր, որ ճանաչում է Արցախը, կամ ավելացնեին ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը: Ո՞րն է չափումը, որ թույլ է տալիս խոսել ձախողման մասին, կամ թույլ կտար խոսել չձախողման մասին: 
Ըստ իս՝ Սոչիում Ռուսաստանը լուծեց այն հարցը, ինչի լուծմամբ է զբաղված 2020-ի պատերազմից հետո ընդհանրապես՝ իր տեղն ու դերը ֆիքսելու: 
Ավելին անել Մոսկվան փորձում էր 44-օրյա պատերազմից առաջ, բայց նրան դա թույլ չտվեցին և ստիպեցին «կիսել» Կովկասը Թուրքիայի հետ՝ զգալի տեղ տալով նաև Իսրայելին: Նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը չի փորձում ավելին, քան եղածը պահելը: Սոչին այդ շարքի մի մաս էր և ձախողում էր այնքան, որքան ձախողում էր 44-օրյա պատերազմն ընդհանրապես:
Իսկ ես մշտապես նշել եմ, որ այդ պատերազմը համարում եմ Ռուսաստանի ձախողում և պարտություն, որը արտահայտվում է այլ չափումներով, քան կարող էր արտահայտվել հայկական կողմի պարտությունը: Ռուսաստանը 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել է հայ-ադրբեջանական հակամարտության աշխարհաքաղաքական համատեքստի «մեխը»՝ Իրանի հյուսիսային սահմանին հարող տարածքների վերահսկողությունը: 
Բնական է, որ այդ տրամաչափի խաղացողը չի խոստովանելու, որ պարտված ու ձախողված կողմ է: Հետևաբար, պետք է առավելագույնն անել՝ տարածելու համար, որ այն, ինչ եղել է, եղել է հենց իրենց ուզածով ու պլանավորածով: Ուժային կենտրոնների համար «մահացու» է թույլ տալ ընդհանուր մտայնություն՝ իրենց թուլության կամ առավել ևս պարտվածության հարցում: 
«Լավրովյան պլան» ասվածը, որի հետ մենք ասոցացնում ենք 44-օրյա պատերազմը, միտված էր հենց Իրանի հյուսիսային սահմանամերձ գոտում ռուսական խաղաղապահություն հաջողելուն: Մինչդեռ, պատերազմը ձախողել է հենց դա, այդ գոտին գրավել են Թուրքիան ու Իսրայելը: Երբ Շոյգուն հայտարարում է, թե Թուրքիայի հետ «բարդ օպերացիա» են իրականացրել Ղարաբաղում, նկատի ունի հենց այն, որ կարողացել են գոնե Ստեփանակերտն ու դրանից վերևը պահել իրենց համար:
Ի՞նչ էր անելու Մոսկվան, եթե Էրդողանը չհամաձայներ կանգնել Շուշիում: Մտնելու էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ պատերազմի մե՞ջ: Ինչպե՞ս պատահեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց ժամեր առաջ խոցվեց ռուսական ուղղաթիռը:
Կրկնեմ, ինչ ասել եմ բազմիցս. սա Ռուսաստանի «անմեղության» կամ մեր տղաների արյունից անմասն լինելու մասին չէ, պարզապես մենք պետք է փորձենք տեղի ունեցողը գնահատել հնարավորինս հանգամանալից, որովհետև գնահատականները չպետք է լինեն նպատակ, դրանք պետք է լինեն իրավիճակը ախտորոշելու և մեր հետագա անելիքը մշակելու միջոց: Դրա համար է, որ «ռուս-թուրքական դաշինք» դեկլարատիվ գնահատականները որքան «սիրտ են հովացնում», նույնքան կարող են գործնականում միտք «բթացնել»՝ մեզ անընդհատ պահելով դեկլարատիվ և կարծր սխեմաների մեջ, երբ դրանք, մեղմ ասած, միարժեք ու միաշերտ չեն: 
Ըստ այդմ, Ռուսաստանը Շուշիում չէ, որ ձախողվել է: Ռուսաստանի «հանգուցային ձախողումը» 2020-ի հուլիսին էր՝ Բաքվում, որտեղ չկարողացան Ալիևին անկյուն մղել այնքան, որ նա մնա «լավրովյան պլանի» ծիրում: Ստացվեց հակառակը՝ Բաքվում չեզոքացվեց Ռուսաստանի գլխավոր «դեսպանը»՝ Մամեդյարովը:
Սոչիում Պուտինը հայտարարում է, որ խնդիր չունի արևմտյան նախաձեռնությունների դեմ, եթե դրանք նպաստում են խաղաղությանը: Միաժամանակ ասում է, որ չի ստացվի Ռուսաստանին դուրս թողնել խաղից: Գործնականում, Մոսկվան, կարծես թե, անցում է կատարում այն ռեժիմին, որում էր ԱՄՆ-ն Քի Վեսթից հետո՝ խանգարել ռուսներին: Հիմա ռուսներն են անցնում ամերիկացիներին խանգարելու ռեժիմին, այսինքն՝ խանգարել այնտեղ, որտեղ կտեսնեն որևէ վճռորոշ բեկման հնարավորություն, որովհետև, ընդհանուր առմամբ, դեմ էլ չեն լինի զիջել նախաձեռնությունը, եթե դա կթուլացնի ապակայունացման ռիսկը, որն իրենց համար կարող է լինել իսկապես մահացու՝ անխուսափելիորեն դարձյալ մեր հաշվին:
Մենք, որպես հանրություն, կարող ենք շարունակել մեր «բալետը»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի կամ Իրանի ուղղությամբ, սպասելով որևէ «չարիքի» մոտալուտ կործանման (ամեն մեկն ունի չարիքի իր որոշումը), քանի որ ժամանակն ու կյանքը ցույց են տվել, որ այլ բանի գործնականում ունակ էլ չենք, այլապես այդ ունակությունը մինչ այժմ դրսևորված կլիներ շատ թե քիչ կայացած որևէ ինստիտուցիոնալ իրողությամբ՝ լիներ պետական, թե հանրային դաշտում: 
Մինչդեռ, դա է այսօր մեր գլխավոր մարտահրավերը՝ գտնել բազմազանության և տարբերությունների ինստիտուցիոնալ կապիտալիզացիայի որակներ, որպեսզի այդ մեխանիզմով «երկրպագուի» դերից գանք քաղաքական մասնակցի կարգավիճակի»: