Տեսակետ

Վեհափառը չի կարող իր քաղաքական համակրանքների և հակակրանքների պատճառով որևէ կերպ հարվածի տակ դնել եկեղեցին

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Շաբաթներ առաջ, շատերի համար անսպասելի, Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը համազգային համերաշխությանն ուղղված մի նախաձեռնությամբ հանդես եկավ՝ վեհարանում կազմակերպեց Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպում։ Անկախ գաղափարի և որոշ դերակատարների նկատմամբ խորը վերապահումից և առաջին իսկ փորձի ձախողումից՝ առաջին զգացողությունը, որ ապրեցինք շատերս՝ հայրենիքում և սփյուռքում, Հայաստանում ստեղծված ներհասարակական, ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ վեհափառի անհանգստությունն էր, նրա անկեղծ ցանկությունը՝ ինչ-որ բան փոխել։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայ առաքելական եկեղեցին որոշել է ներկայացուցիչ ուղարկել «ընդդիմության» հանրահավաքին՝ անխոհեմ որոշում, որն ամբողջությամբ չեզոքացրեց Գարեգին վեհափառի՝ հանուն ազգային համերաշխության կազմակերպած Հայաստանի և Արցախի նախագահների հանդիպման հայտարարված նպատակը։
Վեհափառը կարող է չսիրել Հայաստանի ղեկավարին, կարող է անձնական հակակրանք ունենալ Փաշինյանի, նրա շրջապատի, քաղաքական մյուս դերակատարների հանդեպ։ Որևէ մեկը չի կարող քննարկել, վիճարկել կաթողիկոսի անձնական համակրանքներն ու հակակրանքները։ Բայց վեհափառը չի կարող անհաշտ լինել սեփական ժողովրդի ընտրության հետ, որովհետև այն, ինչով զբաղված են նրա հովանավորյալ «քաղաքական» ուժերը, ոչ այլ ինչ է, քան պայքար սեփական ժողովրդի, այդ ժողովրդի ընտրության դեմ։ 
Վեհափառը չի կարող իր քաղաքական համակրանքների և հակակրանքների պատճառով որևէ կերպ հարվածի տակ դնել եկեղեցին, պատճառ դառնալ, որ նրա հազարավոր զավակներ վեհափառի անձնական համակրանքների և հակակրանքների պատճառով տատամսեն եկեղեցի հաճախել, դադարեն եկեղեցական ծեսերին և արարողություններին մասնակցել։ 
Քավ լիցի, եկեղեցին չպետք է լռի, չպետք է լռեր նախկինում, չպետք է լռի այժմ, չպետք է լռի ապագայում:
Հայ առաքելական եկեղեցին չափազանց կարևոր և արժեքավոր կառույց է, հետևաբար, այն ոչ միայն չպետք է լռի, այլև պետք է ունենա իր ծանրակշիռ խոսքը հանրային և ազգային կյանքում: Բայց հենց դրա համար է շատ կարևոր, որ այդ խոսքը լինի քաղաքական կոնյունկտուրայից առավելագույնս զերծ, հեռու: Դա չի նշանակում՝ խուսափել որևէ քննադատությունից, որն ուղղված կլինի իշխանությանը: 
Բայց եկեղեցու խոսքի արժևորման՝ ավելի լայն ճանապարհը դա չէ, այլ այն, թե ինչպիսի արժեքային, գաղափարական, հայեցակարգային ուղենիշեր կհաղորդվեն հանրությանը: Երբ դրանք հաղորդվեն, հանրությունն, արդեն դրանց հիման վրա, կկողմնորոշվի նաև քաղաքական ուղիներում՝ ընտրելով, թե հատկապես որ ուղին է առավելագույնս համապատասխանում այն լայն ճանապարհին, որ նկարագրում է եկեղեցին՝ հանրության հետ իր երկխոսությամբ: 
Դա պետք է լինի Հայ առաքելական եկեղեցու խոսքի առանցքը, ոչ թե վերաբերմունքը իշխանություն կամ ընդդիմություն եղած որևէ ուժի հանդեպ: Այդ վերաբերմունքը անմիջապես բերում է Հայ եկեղեցու հետևորդ հայության շրջանում բաժանարար գծերի, որովհետև մարդկանց քաղաքական հայացքները, համակրանքները տարբեր են, ինչն էլ իր հերթին հանրության հայացքում քաղաքականացնում է եկեղեցին:
Այստեղ է գլխավոր խնդիրը, որից պետք է ապահովագրվի մեր ազգային կարևորագույն կառույցը, և ինչը պետք է լինի այդ կառույցի ղեկավարության գերխնդիրը: Առայժմ այդ խնդիրը լուծվում է խիստ անարդյունավետ: 
Հենց դա է նաև պատճառը, որ հարաբերական արդյունավետությամբ աչքի են ընկնում Հայ առաքելական եկեղեցին թիրախավորող խմբերը, իրենց հոգևոր գործունեության մեջ հաջողում են աղանդավորական խմբերը: Հակառակ դեպքում, նրանք հայ ժողովրդի շրջանում չունեն և չեն ունենա Հայ առաքելական եկեղեցու հանդեպ նկրտումներում որևէ շանս:
Իսկ, առհասարակ, եկեղեցու հովիվներին՝ ամենայն հայոց հայրապետից մինչև քահանաներ, սարկավագ ու դպիրներ, խնդրում եմ՝ հանուն Հայ եկեղեցու միասնականության, հարատևության ու հավերժության՝ թողեք այդ քաղաքական պայքարները, այցելեք 30 տարի մոռացության, աղքատության և անորոշության մատնված Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր։ Սահմանի նոսրացած ու մեծապես ծերացած բնակիչները բացի մեզ՝ քաղաքական գործիչներիս հասցեագրված և վերաբերող նյութական, տնտեսական և քաղաքական հարցերն ու կարիքները, ունեն խորը հոգևոր և իմացական խոսքի, հոգևոր սննդի կարիք»։