«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ղարաբաղյան հակամարտության վերջին երկու տարիների տրամաբանությունը հասունացրել է այն համոզումը, որ Բաքվի և Մոսկվայի ռազմաքաղաքական ղեկավարությունը ընդհանուր ընկալում ունի հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Ադրբեջանա-ռուսական պայմանավորվածությունները կարող են փոփոխվել բացառապես և միայն Հայաստանի ցանկությամբ և կամքով։
Երևանի կողմից առայժմ տեսանելի չեն շոշափելի, առարկայական քայլեր, որոնք հույս կներշնչեն, որ բացի ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունից ու շահերի համընկնումից՝ այլ գործոն կա, որը կարող է էական փոփոխություն բերել ուրվագծվող կարգավորմանը։
Մենք հասել ենք այն հանգրվանին, որը գրեթե անհնար է դարձնում հակամարտության՝ բացառապես դիվանագիտական ճանապարհով համապարփակ կարգավորումը։
Հայաստանը պետք է գտնի դիվանագիտական ճակատում ձեռք բերած պայմանավորվածությունները ուժով պաշտպանելու կարողություններ, եթե մենք անկեղծորեն անհաշտ ենք ցանկացած պայմանավորվածության, որը հաշվի չի առնում Հայաստանի դիրքորոշումներն ու կարմիր գծերը»։