Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Սոչիի եռակողմ հայտարարությամբ
Ռուսաստանը
-փորձեց ձևական լուծել Ադրբեջան-Հայաստան նորմալացման գործընթացում իր ձևական ներգրավվածության հարցը, որը առկախվել էր բրյուսելյան ու վաշինգտոնյան ձևաչափերի ակտիվացման խորապատկերին. Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքն էլ կա։ Բայց ընդամենը դա,
-Հայաստանին ու Ադրբեջանին ստորագրել տվեց, որ Արցախում ռուսական խաղաղապահության պահանջը կա՝ ավելի դժվարացնելով հատկապես Ադրբեջանի կողմից դրանք հանելու խնդիրը. ըստ էության, ժամկետի լրանալուց 2 տարի առաջ Ադրբեջանը հաստատում է, որ նրանք պետք է մնան, քանի որ կարևոր դեր են խաղում... Սա Բաքվին ահագին կկաշկանդի արևմտյան հարթակներում խնդիրը բարձրացնելու հարցում...
-վերաթարմացրեց կողմերի «նվիրվածությունը» նախկին եռակողմ հայտարարություններին՝ որպես դրանցով առաջ շարժվելու հենք ու ճանապարհային քարտեզ...
-ներառեց բրյուսելյան ու վաշինգտոնյան հարթակների որոշումները՝ միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը հարգելու, սահմանները ուժով փոխելու անթույլատրելիությունը և Ալմա-Աթայի պայմանագիրը, ՄԱԿ կանոնադրությունը հարգելու հարցը։ Ռուսաստանը հույս ունի, որ արևմտյան օրակարգերն իր տակ բերելով՝ կիմաստազրկի դրանք։ Բայց այդպես չի լինի։
-Հայաստանը հավելյալ ևս մեկ անգամ փակեց իր ազգային ինքնիշխանության հաշվին միջանցք տալու հարցը, ևս մեկ (միգուցե քիչ ՕԳԳ ունեցող) փաստաթղթային հիմք ստացավ ադրբեջանական ագրեսիան ետ շրջելու նորմատիվ հիմք ստեղծելու համար։ Ռիսկը՝ Ադրբեջանը ստացավ այդ ամենը սելեկտիվ մեկնաբանության ենթարկելու փոքրիկ պատուհան, թե բոլոր մայրաքաղաքներում հասել է նրան, որ Հայաստանը ստիպված է ճանաչել Արցախն իր կազմում։ Բայց, բարեբախտաբար, ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը չեն փակել ու չեն փակելու Արցախի խնդիրը։ Դա միայն Ադրբեջանին է թվում։
-Ավելի մեծ է ռիսկը նրա, որ միջանցք չստանալուց զայրացած Ալիևը փորձի ինքնիշխանության ռեժիմ տարածել Լաչինի միջանցքի վրա, ընդհուպ, պատժելու համար, փորձել «հովհարային փակել» այն. իսկ սա կոնֆլիկտ է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, քանի որ Հայաստանն այնտեղ հանձնել է ավելին, քան պետք է հանձներ, ըստ որում՝ Ռուսաստանի մեղքով ու թույլտվությամբ, հետևաբար, ինքը պետք է կռիվ տա, որ Լաչինի միջանցքի՝ ներկայիս դե ֆակտո ոչ ադրբեջանական վիճակը պահպանվի...
Մնացածը արդեն դատարկաբանություն է։ Ռուսաստանը խաղը տանում ու տանելու է նրան, որ մյուս մրցակից ֆորմատները չաշխատեն, Արևմուտքը և կոնֆլիկտի կողմերը, ճարները կտրած, համակերպվեն ու ճանաչեն այն, ինչ կա՝ ռեգիոնալ անվտանգության ռուսական ճարտարապետությունն ու կոնֆլիկտի լուծման հետաձգման ու ստատուս-քվոյի պահպանման ռուսական պլանը։ Բայց դա էլ չի լինելու, քանի որ մինչփետրվարքսանչորսյան Ռուսաստանն այլ բան էր աշխարհում ու Կովկասում, հետքսանչորսյան Ռուսաստանը՝ այլ բան...
Այնպես որ, հայկական կողմը պետք է արագ փորձի օգուտներ ստանալ կարճաժամկետ խնդիրների լուծման տեսքով, ու քանի որ արդեն մեր անվտանգային օրակարգի խնդիրները բավական հետաքրքիր դիվերսիֆիկացված են, բայց և լեգիտիմացված բոլոր մայրաքաղաքներում, շարունակի անել այն, ինչ արել է վերջին ամսում՝ դիվերսիֆիկացված լուծումներ»։