«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Պուտինի ուզածն այլևս հստակ է։ Ուսումնասիրելով Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումների հրապարակային մասը, պարզ է դառնում, որ Վլադիմիր Պուտինին ամենաշատ հետաքրքրող կոմպոտենտը ճանապարհների բացումն է, կամ, Զատուլինի, Ալիևի, Էրդողանի և ՀՀ-ում ՌԴ սահմանապահների լեզվով ասած՝ միջանցքը:
Ոչ մի խոսք նրանից, որ երկու ամիս առաջ Ադրբեջանը հարձակվել է ՌԴ դաշնակից Հայաստանի վրա, ոչ մի խոսք նրանից, որ կոնֆլիկտը շարունակում է արյուն քամել և ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի կամ արցախահայության իրավունքների մասին: Ոչ, այդ ամենը Վլադիմիր Պուտինի համար երկրորդական է, առաջնայինը ճանապարհներների բացումն է:
Եվ սա ամբողջությամբ բռնում է «Հավաստի աղբյուրի»՝ Հայկական ժամանակում հրապարակած տեսակետի հետ և ամբողջությամբ բռնում է ՀՀ-ում ՌԴ սահմանապահների կողմից Մեղրիում միջանցք կառուցելու փորձի հետ: Սա ևս մեկ անգամ բացատրում է, թե ինչու Ադրբեջանը հարձակվեց «նոր» շփման գծի ամբողջ երկայնքով՝ բացի Մեղրիից: Եվ սա ևս մեկ անգամ բացատրում է, թե ինչու Ռուսաստանը (Հայաստանում իր հեղինակությունը մաշեցնելով) ծպտուն չի հանում ադրբեջանական ագրեսիայի մասին:
Սա ամբողջությամբ բացատրում է, թե որտեղ են Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը համընկնում: Ընդ որում՝ այդ «որտեղ»-ը հստակ աշխարհագրական տեղանք է՝ Արաքս գետի երկայնքով Ագարակ-Մեղրի-Նռնաձոր ճանապարհն է»: