«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման նախօրեին, Ստեփանակերտում համաարցախյան հանրահավաք է՝ հաջակցություն այսպես կոչված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ռուսական կամ մոսկովյան տարբերակի:
Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ- մայոր Անդրեյ Վոլկովն է հանրահավաքի նախաձեռնողը ու հրահանգողը՝ ըստ որի, եթե Հայաստանը հրաժարվի կարգավորման ռուսական տարբերակից խաղաղապահ առաքելությունը լքելու է Արցախը:
Չեմ ուզում առհասարակ քննարկել ռուսական խաղաղապահների ներկայությամբ այս տարի գարնանը Փարուխի շուրջ իրադարձությունների, ադրբեջանցիների կողմից այլ ռազմավարական բարձունքներում դիրքավորվելու գործում նույն ռուս խաղաղապահության դերակատարությունը:
Չգիտեմ, ինչու, արցախցիները ոչ մի հանրահավաք, ակցիա չարեցին այն ժամանակ, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքն էր հարձակման ենթարկվել և Հայաստանն իր գոյության ճակատագրական հանգրվանում էր:
Արցախցիներին սխալմամբ թվում է կամ նրանց չարամտորեն համոզել են, որ իրենք որևէ դեր, դերակատարում չպետք է ունենան կարգավորման գործընթացում:
Ստեփանակերտը պետք է ոչ թե Երևանի առաջ պահանջներ դնի, այլ ինքը պետք է դիմի միջազգային հանրությանը, որ այսուհետ Երևանը չի ներկայացնում Արցախին:
Նրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պետք է պահանջեն այցելել ոչ թե Երևան, այլ Ստեփանակերտ:
Արցախը պետք է օրնիբուն սկսի աշխատել իր սուբյեկտայնության վերականգման ուղղությամբ:
Ռուսների փեշերից անվերջ կախվելու փոխարեն ինտենսիվ պետք է շփվել, աշխատել միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների մայրաքաղաքների հետ:
Զուգահեռաբար պետք է ամենայն պատասխանատվությամբ միջազգային մեխանիզմների և երաշխիքների ներդրմամբ պատրաստվել Բաքվի հետ դժվարագույն խոսակցության, բանակցությունների:
Սա է Արցախը փրկելու Արցախը հայկական պահելու գուցե բարդ, երկար, բայց միակ ճանապարհը:
Ուզենք կամ ոչ, ռուսական խաղաղապահությունը ժամանակավոր ներկայություն է Արցախում:
Այսօր, առավել ևս, ռուսական խաղաղապահ ներկայության էֆեկտիվությունը կասկած է հարուցում, պետք է մտածել երկարաժամկետ միջազգային, իրական անվտանգային մեխանիզմների ներդրման մասին:
Որքան էլ բարդ ու դժվար է, բայց պետք է հասկանալ՝ մաքուր հայ-ռուսական հարաբերություն վաղուց գոյություն չունի: Արդեն տևական ժամանակ է հայ-ռուսական հարբերություններում ներկա են Անկարան և Բաքուն և մենք չենք կարող դա հաշվի չառնել որևէ խնդիր պլանավորելիս:
Ձեր հանրահավաքները արժեք կունենային եթե դրանք աջակցություն գտնեին Հայաստանում, ուղղված լինեին Հայրենիքի հզորացմանը, հայ ժողովրդի միանականությանը և Հայաստանի հարատևությանը»: