Տեսակետ

Զատուլինը հայտարարվել է ոչ թե persona non grata, այլ՝ օտարերկրացի. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կոնստանտին Զատուլինին Հայաստան մուտքի արգելքի քաղաքական բաղադրիչին կանդրադառնամ ավելի ուշ, սակայն զուտ իրավական տեսանկյունից հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.
«Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի Գ և Զ ենթակետերի համաձայն՝ օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստան արգելվում է, եթե՝
Գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
- վնաս պատճառել Հայաստանի պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
- իրականացնել ահաբեկչական գործունեություն,
- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
- իրականացնել մարդու տրաֆիկինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.
Զ) Գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ.
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված անձանց մասին տվյալները մտցվում են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկ:
Տվյալների բանկը վարում է ԱԱԾ-ն։
Ենթադրում եմ, որ Կ. Զատուլինի մուտքը ՀՀ տարածք արգելվել է  վերը նշված դրույթների հիման վրա, քանի որ ակնհայտ է, որ նույն օրենքով ամրագրված այլ սահմանափակումները որևէ կերպ վերաբերելի չեն նրան։
Ինչ վերաբերում է նրան անցանկալի անձ (persona non grata) ճանաչելուն, հարկ եմ համարում ընդգծել, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի տրամաբանության լույսի ներքո անցանկալի անձ (persona non grata) կարող է հայտարարվել ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող որևէ օտարերկրյա պետության աշխատակից։
Հետևաբար, վերը նշվածի հիմքով, Զատուլինը հայտարարվել է ոչ թե անցանկալի անձ (persona non grata), այլ, որպես օտարերկրացի, նրա մուտքը արգելվել է ՀՀ տարածք, քանի որ նա ՀՀ-ում դիվանագիտական գործունեություն չի իրականացնում»։