Տեսակետ

Հայաստանի գրեթե բոլոր գերատեսչությունները ներկայացնող նախկին պաշտոնյաները բույն են դրել ԱՄՆ-ում

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ԱՄՆ-ում ահռելի հայկական կապիտալ է կուտակված: Դեռևս Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին շրջանի պաշտոնյաներ, բայց առավելապես Ռոբերտ  Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության 20 տարիների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետներ, փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ, դատավորներ, մարզպետներ, քաղաքապետներ, ոստիկաններ, աած-ականներ, ՊԵԿ ղեկավար, ՊԵԿ տեղական մարմինների ղեկավարներ և աշխատակիցներ, դատախազներ, քննիչներ՝ Հայաստանի գրեթե բոլոր գերատեսչությունները ներկայացնող նախկին պաշտոնյաներն ու նրանց զավակները, բույն են դրել ԱՄՆ-ում՝ առավելապես հարավային Կալիֆորնիայի շրջաններում:  
Փողի մեծ մասն անշարժ գույքի մեջ է՝ շքեղ առանձնատներ, կոնդոմինիումներ,  թաունհաուսներ, հյուրանոցներ, ռեստորաններ, առևտրային կենտրոններ, որոնց վարձակալությունից ստացվում են ահռելի եկամուտներ: 
ԱՄՆ պատկան մարմինների խնդրանքով ինձ հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ օրինակ, որ Գլենդելի ամենաբանուկ և ամենաթանկ «Ամերիկանա» կենտրոնում հայաստանցի նախկին պաշտոնյաները՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, մի քանի միլիոն դոլարի հասնող բնակարանների սեփականատերեր են, որոնց մեծ մասը տրված է վարձակալությամբ: 
Նախկին դատավորներից մեկը Լոս Անջելեսի ամենաթանկ Բեվերլի հիլզ քաղաքում հսկայական բիզնես կենտրոն է կառուցում, իսկ ոչ անհայտ պատգամավոր, Հայաստանի նախկին (և գուցե ներկա) թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարութ Փամբուկյանն, օրինակ, պարզվեց՝ միլիոնավոր դոլարների հասնող թանկարժեք ավտոմեքենաների պարկ ունի, շաբաթական առնվազն մեկ օր մի քանի հարյուր հազար դոլարի շրջանառության պոկերի երեկոյի մասնակից է: 
Փամբուկյանը, հիշեցնեմ, «Հայաստանի բաշխիչ ցանցերը» 2002-2003թթ. նորաստեղծ օֆշորներում գրանցված «Միդլենդ ռեսուրսիզ» ընկերությանը չնչին գումարով վաճառած պաշտոնյան է:
Այն, ինչ պարզվեց մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում, տպավորություն ստացա, որ չկա որևէ օլիգարխ և նախկինում քիչ թե շատ երևացող պաշտոնյա, որ Կալիֆորնիա հայաստանյան ծագման ապօրինի եկամուտ փոխադրած չլինի և մասնակի կամ ամբողջական տեղափոխված չլինի: 
Նույնիսկ նրանք, որոնք տարիներ ի վեր իրենց կապիտալը տեղափոխում էին Ռուսաստան, շատերը դրանք վերջին տարիներին ԱՄՆ տեղափոխելու ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկում:
Այս ամենը, ինչպես հասկացա, ԱՄՆ իշխանությունների համար դեռևս շատ նախնական ուսումնասիրության նյութ է: Այս կապիտալը այսօր ԱՄՆ-ում դիտարկվում է որպես կոռուպցիային, կազմակերպված հանցավորությունը խթանող փող: 
Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ դեռևս ներգրավված կողմ չեն, նրանց հասու չեն այս կարևոր տեղեկությունները: 
Հայաստանի բանակի, մեր երկրի պաշտպանունակությունը, դիմադրողականությունն ապահովող կարողությունների ահռելի  մասը տեղափոխվել է ԱՄՆ: Հայաստանը ոտքի կանգնելու, ամրանալու համար շատ փողի կարիք ունի: Շատ լավ է, որ ապօրինի կապիտալի վերաբերյալ տեղեկությունները հայտնվել են ԱՄՆ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ աշխատանք և ջանք գործադրելու դեպքում, կասկած չունեմ, այդ կապիտալը կարող է դառնալ Հայաստանի սեփականությունը»: