Քաղաքական վերլուծաբան, փոխվարչապետի նախկին մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այսօր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լիովին անսպասելի հայտարարություն է արել, որի հիմնական էությունն այն է, որ Հայաստանի դիրքորոշումից է կախված` մասնակից կդառնա՞ տարածաշրջանի նոր առևտրա-տնտեսական քարտեզին, թե՞ դուրս կմնա դրանից։ Նա բաց տեքստով հայտարարել է, որ եթե Հայաստանը միջանցք չի տալիս, ապա դա իրականություն կդառնա Իրանի միջոցով։
Այս հայտարարությունն իր թափանցիկությամբ աննախադեպ է` հաշվի առնելով, որ նախ, այդքան բաց խոսելն ամենևին բնորոշ չէ ՌԴ քաղաքական էլիտային, ապա և` մինչ այժմ նրանք խուսափում էին կոնկրետ այս հարցի վերաբերյալ թիրախային ու դետալային արձագանքից։
Այս հայտարարությունը, սակայն, հասունացրեց մի կարևոր հարց, որը կարծես ճնշվել է առօրյա ինֆորմացիոն բեռի տակ։ Տարածաշրջանը կանգնած է աշխարհաքաղաքական նոր վերաբաժանման առաջ, որտեղ աշխարհի ուժային բևեռները փորձում են առավելագույնս հարմար տեղավորվել` Մերձավոր Արևելքի, ինչպես նաև Չինաստանից դեպի արևմուտք ձգվող տնտեսական ու քաղաքական հոսքերի նկատմամբ վերահսկողություն ունենալու, այդ թվում նաև` միմյանց դեմ վարվող հիբրիդային պատերազմում առավել նպաստավոր դիրքեր ձեռք բերելու կոնկրետ նպատակներով։ Այդ կապակցությամբ այժմ ականատեսն ենք տարածաշրջանի աշխարհագրական ու դրանից բխող առևտրա-տնտեսական հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մրցավազքին։
Անկախ Հայաստանի կամքից` այսօր վերոնշյալ հոսքերում առաջնային դեր են ստանձնել Ադրբեջանը և Թուրքիան, որոնց հետ թե' Ռուսաստանը, թե' Արևմուտքը փորձում են աշխատել` վերոնկատյալ վերահսկողության հսկիչ փաթեթին տիրապետելու համար։ Թե' Ռուսատանի, թե' Արևմուտքի համար այժմ առավել կարևոր է ոչ թե հյուսիս-հարավ, այլ արևելք-արևմուտք ուղղությունը։ Այդ պատճառով, նշյալ երկու բևեռները ոչ թե փորձում են կասեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի փորձերը հաղորդակցային ուղիների բացման ուղղությամբ, այլ մասնակիցը դառնալ դրան` սեփական պայմաններով։ Իրանը, իր հերթին, ունի հստակ ձգտում` արևելք-արևմուտք հոսքերն անցկացնել իր տարածքով, ինչպես նաև բաց պահել հյուսիս-հարավը` որպես տեսական հնարավոր այլընտրանք ֆորս-մաժորի դեպքում։ Եթե Արևմուտքը բացարձակապես շահագրգռված չէ արևելք-արևմուտք հոսքերը Իրանի տարածքով անցկացնելու հարցում, ինչպես նաև դրանց նկատմամբ թույլ տալ ռուսական ԱԴԾ-ի վերահսկողությունը, ապա Ռուսաստանի համար Իրանի տարբերակը չարյաց փոքրագույնն է։ Մեծ խաղացողների համար Հայաստանի տարածքով նշյալ հոսքերի անցկացումն առավել ձեռնտու է, հատկապես` Ռուսաստանի համար, որը պատառաքաղը կարող է դնել նաև հյուսիս-հարավ ուղղության վրա` որպես հնարավոր այլընտրանք։ Արդ, բաց է մնում միայն թե մեկ հարց` ո՞ւմ գործնական վերահսկողությամբ։
Ավելի քան 20 տարի առաջ գծված էներգետիկ հաղորդակցությունների տարածաշրջանային քարտեզից Հայաստանը դուրս մնաց` հրաժարվելով ԼՂ հակամարտության կարգավորումից և ընտրելով կովկասյան վանդակավոր վագրի ճակատագիրը։ Այժմ կարծես տարածաշրջանում անցկացվում է հաղորդակցությունների նոր մակետ, որտեղ աշխարհաքաղաքական բևեռները մրցակցում են միմյանց հետ` բանալին իրենց ձեռքում պահելու համար։ Ո՞րն է Հայաստանի շահը, ի՞նչ կարող ենք պոկել առուփախի այս հրապարակում, ի՞նչն ենք ինչի՞ հետ կոմպենսացնելու և այլն։ Սրանք բարդագույն հարցեր են, որոնց, դժբախտաբար, պատասխաններ կարծես թե չունենք»։