Տեսակետ

«Հարավային Կովկասը կարող է բաժանվել գոտիների, բայց արդեն չի լինի ո՛չ Հայաստան, ո՛չ Ադրբեջան»․ Աթանեսյան

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Իշխանությունը պիտի կարողանա մի ինչ-որ «կրիտիկական կետում» կանգ առնելու որոշում ընդունի։ Ռուսաստանը, օրինակ, միջազգայնորեն հասել էր «Նովոռուսիայի» քաղաքակրթական լեգալացման։ Բայց որովհետև ներքին «արգելակները մաշել էր», գնաց Ուկրաինայի արևելքը անեքսիայի ենթարկելու ճանապարհով։ Իհարկե, շատ հնարավոր է, որ նա այդ նպատակին ռազմական ճանապարհով հասնի։ Բայց այդ դեպքում ՆԱՏՕ-Ռուսաստան «շփման գիծը» կհասնի Դնեպրին։ Գուցե չի լինի նաև Ուկրաինա, կհանդիպադրվեն Ռուսաստանը և Լեհաստանը։ Դրանից սկզբունքորեն ոչինչ չի փոխվի։
 
Ինչ-որ «կրիտիկական կետում» պիտի կանգներ Հայաստանը։ Դա Լեռնային Ղարաբաղի անկախության հստակ երաշխիք չէր լինի, բայց Արցախի էթնիկ-քաղաքակրթական ինքնությունը կպահպանվեր ավելի լայն արեալում։ Մի «կրիտիկական կետում»՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանին, պիտի կանգ առնի նաև Ադրբեջանը։ Հակառակ դեպքում վաղը Հարավային Կովկասը կարող է բաժանվել գոտիների։ Բայց արդեն չի լինի ոչ Հայաստան, ոչ Ադրբեջան»։