Տեսակետ

Բռնեք Ալիևի լեզվից. Վահրամ Աթանեսյան

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստան-Ադրբեջան սահման ԵԱՀԿ դիտորդական խումբ ուղարկելու որոշման առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ն մի հայտարարություն է տարածել, որի հիմնական ասելիքն այն է, որ ԵԱՀԿ մարմիններում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և քանի որ Բաքուն նման առաքելության համաձայնություն չի տվել, ապա դա ընդամենը որոշակի խմբի նախաձեռնություն է։ 
Այո, ԵԱՀԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդպես էլ Լեռնային Ղարաբաղը 1992թ. մարտի 24-ին անդամ բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից, ճանաչվել է սուբյեկտ, նրա ընտրված ներկայացուցիչները՝ բանակցող կողմ։ Այդ որոշումը ոչ ոք չի բեկանել։ Եվ ի՞նչ իրավունքով է Ալիևն ասում «չկա Լեռնային Ղարաբաղ, չկա ԼՂ խնդիր» և «չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն». ահա այս հարցը ԵԱՀԿ մարմիններում պետք է քննարկվի ոչ միայն և ոչ այնքան Հայաստանի, որքան՝ հենց Ստեփանակերտի նախաձեռնությամբ, որը ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի հետ դիվանագիտական լեգիտիմ հարաբերությունների երեսնամյա փորձ և այն շարունակելու միջազգային լիարժեք մանդատ ունի»։