ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Modex վերլուծական կենտրոնի տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբերին առևտրային բանկերը արձանագրել են 188 մլրդ դրամի զուտ շահույթ (հարկումից հետո), որը երեք անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Միայն երրորդ եռամսյակում բանկերի շահույթը մոտ 77 մլրդ դրամ է:
Ուշագրավն այն է, որ բանկերի եկամուտների մեջ գերակշիռ մասը եղել են ոչ թե տոկոսային եկամուտները (պայմանական ասած, դասական բանկինգի եկամուտներ), ինչպես նախորդ տարիներին, այլ ոչ տոկոսային եկամուտները՝ կոմիսիոն վճարներ, արտարժույթի առքուվաճառքից եկամուտներ և այլն:
Շահուբերության մակարդակի աճն ինքնին վատ բան չէ, սակայն շահույթի աննախադեպ ծավալը, եկամուտների կառուցվածքի փոփոխությունը, շահույթի կտրուկ ավելացմանը նպաստող գործոններն ու դրա ազդեցությունը տնտեսության վրա լրացուցիչ ուշադրության են արժանի:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում առաջիկայում կքննարկենք այս զարգացումները»: