Տեսակետ

Պարզվում է՝ Մահարին իր կյանքը «խեղաթյուրում» էր

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Վահան Բադասյանը համոզված է, որ «ռուսները դուրս չեն գալու այստեղից» (Լեռնային Ղարաբաղից)։ 
1915-ին էլ Արամ-փաշան էր համոզված, որ ռուսները Վանից դուրս չեն գա, եկել են, որ հավիտյանս մնան։ Բայց ռուսները հեռացան։ Եվ երբ Վանի «գեներալ-նահանգապետ» Արամ փաշան խնդրեց, որ նրանք գոնե հրետանին և կապի միջոցները թողնեն, կոպիտ մերժվեց։ Եվ Վասպուրականից մինչև Իգդիր գաղթի ճանապարհին տասնյակ հազարավոր հայեր սպանվեցին, սովամահ եղան, Բանդիմահու գետում խեղդվեցին։ Հիսուն տարի հետո Գուրգեն Մահարին գրեց «Այրվող այգեստաններ» վեպը, և նրանք, որ ոչ Վան էին տեսել, ոչ՝ Արամ փաշա, ոչ՝ գաղթ ու ավեր, գրախոսեցին, որ Մահարին «խեղաթյուրում է պատմական անցյալը»։ Մահարին, պարզվում է, իր կյանքը «խեղաթյուրում» էր, իսկ Արամ փաշայի արձանը Երևանի կենտրոնում բարձրացնողները՝ «վերահաստատում պատմական հերոսամարտը»։
Սինդրոմը չպետք է կրկնվի»։