Տեսակետ

Զատուլինի աշխատանքն է մոռանալ Ռուսաստանի պատասխանատվության մասին և այն դնել Հայաստանի վրա

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ՌԴ դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է՝ «Փաշինյանի, նրա կողմնակիցների և նրան աջակցողների դեգերումները, նրանց բացահայտ, որոշ դեպքերում՝ թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, որը հատկապես դրսևորվում է այս օրերին, խնդիրներ է առաջացնում այն առումով, որ մենք վստահենք այնպիսի դաշնակցի, ինչպիսին Հայաստանն է՝ իր ներկա կառավարությամբ»:
Գաղտնիք չէ՝ հայ-ռուսական հարաբերության վերափոխում անվան տակ Զատուլինը թերևս միշտ էլ նկատի է ունեցել Հայաստանի իշխանության ղեկին Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Սակայն չէի ուզի այստեղ կանգ առնել Զատուլինի, կամ, առավել ևս, Քոչարյանի անձի վրա։ Առավել կարևոր է խոսել հայ-ռուսական հարաբերության հեռանկարների մասին: 
Զատուլինը, ով պատեհ-անպատեհ խոսում է հայ-ռուսական հարաբերությունների, արցախահայերի ինքնորոշման իրավունքի, Արցախի ճանաչման մասին, գործնականում խորացնում է այն ճգնաժամը, որ կա, և որի առանցքային հիմքը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի անվստահելիությունն է, Հայաստանի անվտանգության դաշնակցի և գործընկերոջ՝ գործով հաստատված անվստահությունը: 
Զատուլինը մոռացել է այդ մասին, մոռացել է Ռուսաստանի մասին: Կամ, ավելի շուտ, նրա աշխատանքն է դա՝ մոռանալ Ռուսաստանի պատասխանատվության մասին և այն դնել Հայաստանի վրա: Այն դեպքում, երբ Հայաստանի ջանքը՝ գտնել անվտանգության այլընտրանքներ, գալիս է ընդամենը այն պարզ իրողությունից, որ Ռուսաստանը ոչ միայն պատշաճ չի կատարում դաշնակցի պարտավորությունը, այլ ավելի է խորացնում Հայաստանի անվտանգության սպառնալիք սուբյեկտների հետ իր գործընկերությունը, ինչը Հայաստանի համար հղի է նորանոր վտանգներով, որոնցից ապահովված լինելու որևէ երաշխիք Ռուսաստանից չի հնչում և դրսևորվում:
Այդպիսով, եթե կա անվստահության պատճառ, դա ոչ թե Հայաստանն է, այլ Ռուսաստանը՝ իր ռեգիոնալ քաղաքականությամբ և աշխարհաքաղաքականությամբ: Սրա պատճառները շատ խորն են, ու դրանց հետևանքները, գլխավորապես լինելով Ռուսաստանի պատասխանատվության դաշտում, Հայաստանի վրա ազդեցության մասով նաև Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների պատասխանատվության դաշտում են: Սա առանցքային, սակայն արդեն այլ խնդիր է, և դրա լուծումը պետք է կարողանա գտնել Հայաստանը»: