Տեսակետ

Փաստացի ազդարարվում է Խերսոնի ճակատամարտի մասին

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Փաստացի ազդարարվում է Խերսոնի ճակատամարտի մասին: Ռուսական կողմը էվակուացնում է քաղաքացիական բնակչությանն ու ղեկավարությանը՝ տեղափոխելով Դնեպրի ձախ ափ: Ուկրաինայի պատերազմում կռվող ռուսական զորքի նորանշանակ հրամանատար Սուրովիկինը նախօրեին հայտարարել էր, որ իրավիճակը Խերսոնի ուղղությամբ լարված է, և չէր բացառել նաև «բարդ որոշումների» անհրաժեշտությունը:
Թե ինչ է դա նշանակում, չի մանրամասնվել: Կարող է նշանակել թե՛ Խերսոնից նահանջի որոշում, թե՛ որոշում՝ կիրառել զինատեսակներ, որոնք արդեն «կարմիր գծից» այն կողմ են:
Ռուսական աղբյուրները առայժմ խոսում են այն մասին, որ Խերսոնից քաղաքացիական բնակչությունը հեռացնում են՝ քաղաքը «ամրոցի» վերածելու համար: Արդեն տեղեկություն եղավ, որ ուկրաինական զինուժը սկսել է գրոհը քաղաքի ուղղությամբ:
Այստեղ ուշադրության է արժանի այն, որ «Խերսոնի ճակատամարտ» ազդարարող տեղեկատվական նախաձեռնողականությամբ աչքի է ընկնում հենց ռուսական կողմը: Հենց իրենց լեզվով ասած՝ к чему бы это: Նախապատրաստվում է ինչ որ հնա՞րք, թե՞ նահանջ: Բոլոր դեպքերում, կարծես, հասունանում է «մսաղաց», որով այնուհետ կարող է բնորոշվել ամբողջ ուկրաինական պատերազմը:
Ուշադրության է արժանի Խերսոնի ռուսական ադմինիստրացիայի կառույցները Դնեպրի ձախ ափ տեղափոխելու հանգամանքը: Արդյո՞ք Դնեպրով գծվելու է «միջանկյալ սահման»: 
«Մսաղացներ» թերևս «կազմակերպվում» են ինչ-որ հանգուցալուծումներից առաջ»։