Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ղրիմի կամրջի պայթյունից, «ցորենի միջանցքից» մինչև Պուտինի նոր խաղը Էրդողանի ու Ալիևի հետ. «գազային հանգույց»՝ ընդդեմ ԱՄՆ, ԵՄ-ի...
Մինչ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը «շտապեց» հաճոյանալ Մոսկվային՝ «հաստատելով» Հայաստանի «մասնակցությունը» Ղրիմի կամրջի ահաբեկչական պայթյունին, Մոսկվայում, թերևս, ընթերցել են հայաստանյան ընկերության պարզաբանումներն ու զլմ-ներին տրամադրված տեսաապացույցները (որ Հայաստանում բեռի վերաձևակերպման ժամանակ դրա բովանդակության փոփոխություն տեղի չի ունեցել) և պաշտոնական եթերներում արդեն շատ «հետաքրքիր» երկրի անուն են հնչեցնում։
«Երեկոն Սոլովյովի հետ» հինգշաբթի օրվա քննարկման ժամանակ զայրույթի պոռթկում էր, թե ինչու չի տրվում Թուրքիայի անունը. չէ՞ որ Օդեսայից բեռը Բուլղարիայում կարող էր հայտնվել միայն Թուրքիայի միջոցով, քանի որ Օդեսայի նավահանգստից «ցորենի միջանցք»-ի նավերը Թուրքիան է ստուգում ու անցկացնում․․․
Կրեմլյան պրոպագանդիստները չեն թաքցնում, որ սույն փաստը Պուտինը պետք է որպես «շանտաժի» գործիք օգտագործի Էրդողանի հետ բանակցություններում, քանի որ «ցորենի միջանցքի» ժամկետը լրանում է, ու այն երկարացնելու հարցում Թուրքիան Ուկրաինայից հետո երկրորդ շահագրգիռ երկիրն է, մանավանդ, որ Էրդողանին էլ գալիք ընտրություններում «շահաբաժին» է պետք՝ առաջ անցնելու համար իր մրցակցից, ում այս պահին զիջում է վարկանիշով․․․
Իհարկե, եթե անգամ Ղրիմի կամրջի ահաբեկչության հարցում ճշգրտեն շղթան՝ Ուկրաինա-Թուրքիա-Բուլղարիա-Վրաստան, միևնույն է, Հայաստանի օղակը վերացնել հնարավոր չէ, քանի որ նրա տարածքով է այն մուտք գործել ԵԱՏՄ տարածք, դրա համար էլ սկսել են այս պահին մեղմորեն շրջանցել Հայաստանի թեման։
Կրեմլյան պրոպագանդիստները նրբորեն նկատում են, թե Հայաստանն, իհարկե, «բացատրություններ կտա, քանի որ իր քաղաքացին (իրականում կալանավորվածներից մեկը երկքաղաքացի է՝ ունի Վրաստանի և Հայաստանի քաղաքացիություն) էլ է անցնում այս գործով», սակայն, ակնհայտ է, որ Երևանը իր բացատրություններն արդեն տվել է, իսկ ապացույցները՝ հրապարակայնացրել և տրամադրել ռուսական կողմին․․․ Իսկ դրա հրապարակայնացումը արդեն խնդիր է ստեղծում ռուսական ԱԴԾ-ի գծած շղթայի համար․․․ Պրոբլեմ է դառնում, թե ինչպես պայթուցիկը Վրաստանից «հասցնեն» Հայաստան, ապա՝ Ռուսաստան․․․
Այս «տեխնիկական» դժվարությունը խոչընդոտ չէ, որ պնդեն, թե Ուկրաինայից բացի ևս երեք երկիր՝ Բուլղարիան, Թուրքիան և Վրաստանը կասկածվում են ահաբեկչությանը առնչվելու մեջ․․․
Սակայն ռուսական խոսույթում միայն սա չէ, որ նկատելի էր. մյուս էլեմենտն էլ ցույց է տալիս, թե ինչու Հայաստանը չի հետաքրքրում, կամ իրենց չի հետաքրքրում, որ Հայաստանի «օղակը» հերքում է ռուսական ФСБ-ի վարկածը․․․ Խնդիրը Օդեսայի նավահանգիստն է, որին ակնհայտորեն ցանկանում են հարվածել՝ որպես «ահաբեկչության որջ»․․․ Ավելի ստույգ՝ խնդիրը անհասկանալի ու անիրականանալի նպատակն է՝ Ուկրաինային իսպառ զրկել Սև ծովից՝ սկսելով վերացնել բոլոր տեսակի ենթակառուցվածքները, այդ թվում՝ նավահանգստային, ու դա անել ահաբեկչության դեմ պայքարի կարգախոսի ներքո․․․ Այդպիսի մյուս թիրախ որպես ուրվագծում են Էստոնիան՝ նրան մեղադրելով Ռուսաստանի դեմ ահաբեկչություններ կազմակերպելու համար ենթակառուցվածքային հանգույց լինելու մեջ։ Իհարկե, Էստոնիայի անդամությունը ՆԱՏՕ-ին կխոչընդոտի դա անել այժմ, քանի դեռ Ռուսաստանն ինքն էլ խուսափում է բաց և ուղիղ առճակատումից․․․ Իսկ այս սևծովյան ափն ու Օդեսան գրավիչ պատառ են թվում, մանավանդ, որ կրեմլյան փորձագետները գտնում են, որ Մոսկվայի համար ավելի արդյունավետ է վերջին օրերի մարտավարությունը՝ Ուկրաինայի մայրաքաղաքից մինչև արևմուտք հրթիռակոծելը, քան դիրքային մարտերը․․․
Բացառված չէ, որ այս ամենը նույնպիսի շանտաժ է, ինչպես այս կամ այն երկրին Ղրիմի կամրջի ահաբեկչությանը կապելը. մի բան հստակ է, Ռուսաստանը խնդիր է դրել ինչ-որ բան ստանալ «ցորենի միջանցքից» ու Թուրքիայից, մանավանդ, որ Էրդողանը թե վերընտրության, թե ռեգիոնալ ամբիցիաների առումով երկրորդ «շահառուն» է։
Ու այստեղ չափազանց վտանգավոր է դառնում Պուտինի նոր առաջարկը Էրդողանին, որը ձևակերպվեց իբրև «էներգետիկ/գազային հանգույց»։ Ինչպես կրեմլյան պրոպագանդիստներն են բերաններից թռցնում, այն ռիսկային գործարք է, քանի որ Թուրքիան վստահելի գործընկեր չի կարող դիտարկվել, ու պարզ չէ, թե մինչև ուր կգնա ռուս-թուրքական նոր խաղը։ Սակայն մի բանում կասկած չունեն, որ Թուրքիան ու էներգետիկ ոլորտը այն են, որտեղ հնարավոր է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար նոր խնդիրներ ստեղծել, ինչպիսին արեցին Սաուդյան Արաբիայի/ՕՊԵԿ-ի դեպքում ու ինչի վրա աշխատում են նաև չինական, իրանական ու այլ ուղղություններով՝ որքան հնարավոր է ճնշման ու խնդիրների շատ հարթակներ ստեղծել ԱՄՆ-ի համար, որ դրանք դառնան «կրիտիկական» ու Ռուսաստանի համար խաղ ապահովեն։ Դրա համար էլ ընտրել են Թուրքիան, որը 4 խողովակ ունի, որոնցից մեկը զուտ Թուրքիայի համար է, մնացածը՝ արտահանման, ըստ որում՝ դեպի Բալկաններ ու Միջերկրական ծովի հյուսիս։ Գաղափարն այն է, որ թե՛ թուրքական հոսքով, թե ադրբեջանական խողովակներով ռուսական գազը խառնեն ադրբեջանականին, ինչը Եվրոպայում պարզել չեն կարող՝ ի տարբերության նավթի։ Այդ ամենի արդյունքում Եվրոպայի գազ ներկրող երկրները հայտնվում են թուրքական կախվածության ներքո, և որ կարևոր է՝ առաջին տուժող երկրներն են դառնում Գերմանիան, Հոլանդիան։ Գերմանիայի վրա առանձնապես են զայրացած, քանի որ կրկին հայտարարվել է բացառիկ սպառազինություններ Ուկրաինային տրամադրելու մասին, որոնք անգամ գերմանական բանակի սպառազինությունում չկան։ Դրանցից են «Սյուզաննե» հակատանկային համակարգերը, որոնք նաև դառնում են զենիթահրթիռային համակարգեր։ Դրանք արդեն իսկ Ուկրաինայում են, ինչպես նաև նորագույն ՀՕՊ-երը, որոնք կմատակարարվեն շուտով․․․ Գերմանիային հոգուտ ԱՄՆ-ի «կողմնորոշման» համար պատժելու նպատակով Կրեմլում մտածել են հենց այս գազային հանգույցի խաղը, որպեսզի լուծեն Բեռլինի հարցերը՝ նաև Անկարայի ձեռքերով․․․
Կրեմլյան փորձագետները ակնարկում են, որ Թուրքիան, բացի Էրդողանի ընտրության կամ տարածաշրջանային ամբիցիաների բավարարումից, հնարավոր է նաև այլ ակնկալիքներ ունենալ, ու նրա հզորացումը ռիսկեր կբերի նաև այլ տարածաշրջաններում։ Դրանց թվում Կովկասը չի նշվում, սակայն ակնարկվում է, որ հնարավոր է՝ սևծովյան ավազանում պայմանավորվել, եթե Մոսկվան ու Անկարան կարողանան պայմանավորվել Ուկրաինա պետությունը դե ֆակտո վերացնելու հարցում. թե ինչ տարածքներ է պատրաստ Ռուսաստանը զիջել Անկարային, դժվար է ասել, քանզի Օդեսայի վրա Մոսկվայի աչքն է, Ղրիմն էլ չի զիջի Անկարային։
Տակը մնում է Կովկասը, որտեղ Ռուսաստանը առնվազն միանձնյա տիրոջ համարում ունի՝ ի տարբերություն Բալկանների կամ սևծովյան ավազանի։ Մանավանդ, որ Ադրբեջանն այստեղ այդ կեղտոտ խաղի մասն է՝ ի վերջո ռուսական գազը պետք է խառնվի ադրբեջանական գազին ու դրա անվան տակ արտահանվի Եվրոպա։ Իսկ կեղտոտ ծրագրում մասնակցելու համար Ալիևը հայտնի է, թե ինչ է պահանջելու Կրեմլից ու ում հաշվին է դա լինելու․․․
Ահա թե ինչու է Մակրոնը ինտենսիվացրել ոչ միայն Հայաստանին միայնակ չթողնելու, Ռուսաստանի երեսին ճշմարտությունն ասելու թեման, այլ նաև անցել է բավական տեսանելի հակաադրբեջանական դիրքավորման՝ նրան մեղադրելով Ռուսաստանի կեղտոտ խաղերի կեղտոտ գործիք լինելու մեջ։ Ավելին, Մակրոնը մեծ թափ տվեց ֆրանսիացի հրապարակախոսի մեկնարկած ֆլեշ-մոբին՝ չզիջել որևէ արժեք կամ սկզբունք՝ հանուն գազի կամ նավթի․․․
Թերևս այս վտանգաշատ իրավիճակում ստրատեգիական նշանակության է դառնում Հայաստանի սահմանի երկայնքով եվրոպական դիտորդների տեղակայումը, որի առաքելությունն է լինելու մոնիթորինգի տակ պահել հրադադարի պահպանությունը, Բրյուսելին զեկուցել, թե ով է ագրեսորը, ինչպես նաև՝ նպաստել Հայաստան-Ադրբեջան սահմանային դեմարկացիային, ասել է թե՝ ագրեսորին ելման դիրքեր տանելը։
Բարդ աշխարհաքաղաքական պարտիա է, և պետք է ճիշտ խաղալ»։