Տեսակետ

«Դատական ակտով փաստվեց, որ 3 տարի 6 ամիս ժամկետով ապօրինի եմ ազատազրկված եղել»․ Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«8.09.2006թ. դատավճռով դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից դատապարտվեցի 4 տավա ազատազրկման: Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները ևս բնականաբար ինձ՝ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրիս չեզոքացնելու հանցավոր որոշման հնազանդ դակիչների դերում էին:

Անազատության մեջ երկիրը լքելու, խմբագրությունը, թերթը փակելու առաջարկի դիմաց ազատ արձակվելու մի քանի առաջարկ եմ ստացել ԱԱԾ պաշտոնյաների կողմից։ Չեմ համաձայնել։ Արդյունքում՝ կրեցի 3 տարի 6 ամիս ապօրինի ազատազրկումը:

Ազատազրկման վերջում՝ 2009թ․ օգոստոս ամսին, առողջական ծանր խնդիրներ ձեռք բերեցի՝ գլխուղեղի նորագոյացության պատճառով օրըստօրե կորցնում էի տեսողությունս։ Սկսեցի անվարժ խոսել։ Արտերկրում գլխի վիրահատությունը, ճառագայթային բուժումն անհետաձգելի անհրաժեշտություն էր։

Անցյալ տարի 2006թ․ ապօրինի դատական ակտը բողոքարկեցի Վճռաբեկ դատարան, որն ընդունեց վարույթ և գործի քննությունն ուղարկեց Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Այսօր արդեն դատարանի որոշմամբ փաստվեց, որ իմ նկատմամբ հարուցված քրեական գործը պետք է կարճվեր 2004 թվականի մարտի 1-ին ընդունված ՀՀ օրենքի կիրառմամբ և, հետևաբար, ես չէի կարող ազատազրկվել: Դատական ակտով փաստվեց, որ 3 տարի 6 ամիս ժամկետով ապօրինի եմ ազատազրկված եղել»: