Տեսակետ

Հայաստանի անելիքների օրակարգի աղավաղումն ու այդ ֆոնին ռուսական քաղաքականության հետևանքները

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Եթե 10 տարի առաջ Հայաստանում շատ ավելի շոշափելի հասարակական-քաղաքական ընդվզում լիներ թյուրք-եվրասիական օղակի դեմ, թերևս կլիներ իրադարձությունների զարգացման վրա Հայաստանի և Արցախի շահի տեսանկյունից արդյունավետ ազդելու հնարավորություն:
Մինչդեռ, կար ընդամենը 20-30 «մարգինալների» բողոք, իսկ մնացյալ շերտերը գործնականում սպասում էին, որ Սերժ Սարգսյանի պատասխանատվությամբ հագցնելով այդ օղակը Հայաստանին՝ հետո Ռուսաստանը կազատվի նաև Սերժ Սարգսյանից և իր հանդեպ ամենալոյալ ուժին կկարգի Հայաստանի իշխանություն: Իհարկե, այդ ամենի վճռորոշ փուլի վերջում ռուսական քարոզչական ապոլոգետներից մեկը տվեց լավագույն գնահատականը՝ ասելով, թե այդպիսի հույս փայփայողները Հայաստանում զբաղված են կլոունադայով: Բայց դա ասվեց, երբ Ռուսաստանին այլևս պետք չէր այդ «կլոունադան», իսկ մինչ այդ ոչ միայն լուռ հետևում էին դրան, այլև հմտորեն խթանում և խրախուսում:
Հարց է առաջանում՝ ու՞ր էին այսօր այդ ամենի դեմ «ոտի ելած» շերտերի մեծամասնությունը, ինչու՞ էին լուռ այն ժամանակ, երբ իրավիճակը հատում էր «անշրջելիության» կետը: Ինչու՞ չկար ներկայիս ծավալի գոնե 15-20%-ի չափ բողոք, ընդդիմախոսություն, քննադատություն և այլն, սկսած Ադրբեջանին ռուսական միլիարդավոր դոլարների սպառազինության վաճառքի հարցից, մինչև եվրասիա-թյուրքական նախագծի պարտադրում:
Հակված եմ մտածել, որ չկար այսօրվա 15-20%-ը (տոկոսի չափը իմ սուբյեկտիվ դիտարկումն է, որը հիմնված չէ որևէ մեթոդական հետազոտության վրա), որովհետև այն ժամանակ դա պետք չէր, առաջին հերթին, Ռուսաստանին: 
Այլ է իրավիճակը այսօր: Այսօր դա նախ Ռուսաստանին է պետք՝ մի շարք խնդիրներ լուծելու համար։ Դա, եթե ներկայացնեմ ամփոփ, տեղի ունեցողի հարցում Հայաստանի անելիքների օրակարգի աղավաղումն ու այդ ֆոնին ռուսական քաղաքականության հետևանքով առկա անվտանգության միջավայրի պատասխանատվությունը Հայաստանի վրա թողնելու խնդիրն է. բերել Հայաստանը «ճակատային» դիմակայության, որտեղ նա չունի հաջողության ռեսուրս և ամբողջապես մնում է աշխարհաքաղաքական «բախտի» հույսին, ինչը արդեն խիստ հարաբերական գործոնների տիրույթ է, առավել ևս՝ այսօր»: