Տեսակետ

Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե այսօր ինչ է կախված ԼՂ նախկին նախագահներից

Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախկին պատգամավոր, փորձագետ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Վերջին ժամանակներս շատ հարգի են միասնականության ու համահայկականության կոչերը։ Զավեշտը կամ ողբերգազավեշտն այն է, որ այդ ամենը միայն դիտարկվում է երկու հայկական պետությունների նախկին նախագահների ներգրավման ուղեծրում։ Սա հենց այն դեպքն է, երբ ասում են՝ դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս… 
Մեկը կարո՞ղ է, օրինակ, ինձ բացատրել, թե այսօր ինչ է կախված ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանից ու Բակո Սահակյանից, ու նաև՝ նրանք ու՞մ են ներկայացնում այսօր, բնակչության ի՞նչ շերտեր, քաղաքական ի՞նչ շրջանակներ, հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու ի՞նչ գաղափարական-արժեքային ռեսուրսներ (ֆինանսական ռեսուրսի մասին չեմ խոսում՝ դրանից ունեն բոլ-բոլ) ու հանրային վստահության ի՞նչ պաշարներ։
Ու ամենակարևորը՝ որևէ մեկը պարզե՞լ է՝ էդ մարդիկ ցանկություն ունե՞ն մասնակցելու հասարակական-քաղաքական կյանքին։ Ղուկասյանը պաշտոնաթողությունից հետո անցած 15 տարիներին երբևէ հանդես չի եկել հանրությանը հուզող որևէ հարցի շուրջ իր սկզբունքային դիրքորոշմամբ, երբևէ հրապարակայնորեն ու անկեղծորեն չի արտահայտվել որևէ հրատապ հարցի շուրջ։ Սահակյանն իսկի պաշտոնավարման ընթացքում չէր դրանց անդրադառնում։ Հիմա ի՞նչ եք ուզում այդ մարդկանցից, որոնց օրակարգը միշտ անձնական է եղել և ոչ երբեք՝ հանրային։ Եթե միասնականությունը խորհրդանշելու ծիսական առումով անչափ կարևոր է նրանց ներգրավումը, ապա հանրային քննարկումների սրահում տեղադրեք նրանց մեծադիր լուսանկարներն ու անցեք գործի, այսինքն՝ երկրի ճակատագրի հանրային քննարկումներին։
Էդ որ ասում եք՝ միասնականություն, դրա ուղեծրում տեսնու՞մ եք արցախյան շարժման տասնյակ ակտիվիստների, հասարակ մարդկանց, ովքեր պաշտոնի, փառք ու փողի ետևից չեն վազել, չեն ծախվել, չեն վախեցել, չեն ստորացել, իրենց օրվա հացը վաստակել են իրենց հալալ քրտինքով, չեն թալանել երկիրն ու ժողովրդին, անձնական հարստություն չեն դիզել սահմաններն ամրացնելուն հատկացված գումարներով, մասնակցել են բոլոր պատերազմներին, վիրավորվել են, ոտքի են կանգնել ու հիմա էլ ապրում են, մեծ հարգանք են վայելում իրենց շրջապատում։ Էդ ձեր միասնականության մեջ էս մարդիկ չկան, չէ՞։
Էդ որ ասում եք՝ միասնականություն, ամեն ինչ նկատի ունեք, բացի բնակչության ինքնակազմակերպման կարևորությունից, չէ՞։ Դե միասնականացեք, ինչքան ուզում եք։ Բայց՝ առանց մեզ, խնդրում եմ»...