ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ի՞նչ էր անելու Նիկոլ Փաշինյանը, եթե 2018թ․ մայիսի 8-ին Ազգային ժողովը նրան վարչապետ չընտրեր։ Եթե կար համոզմունք, որ նա իշխանության է գալիս, կամ նրան իշխանության են բերում, որպեսզի Արցախը հանձնի, ինչու՞ այդ մասին հրապարակային ոչ մի հայտարարություն չարվեց ոչ Սերժ Սարգսյանի, ոչ ՀՀԿ, ոչ էլ՝ քաղաքական որևէ այլ սուբյեկտի կողմից։ Հրավիրվե՞լ է Անվտանգության խորհրդի նիստ, ռիսկերը հաշվարկվե՞լ են, թե՞ հրաժարականի որոշում Սերժ Սարգսյանը միանձնյա է ընդունել։ Ուժային կառույցների ղեկավարները մինչև վերջին պահը հավատարի՞մ են մնացել իրենց երդմանը, թե՞ անցել են «խռովարարների» ճամբար։ Իրավիճակը քննարկվե՞լ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների հետ։ Այդ օրերին ի՞նչ աշխատանք է տարել Հայաստանի դիվանագիտական կորպուսը, ի՞նչ առաջարկություն է ունեցել ԱԱԾ-ն։ Ի վերջո, ո՞վ, ե՞րբ և ինչու՞ է որոշել, որ ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները և ՀՀԿ-ի մի մասը պետք է Փաշինյանին վարչապետ ընտրելու որոշմանը կողմ քվեարկեն»։