Տեսակետ

Երևանը պետք է ետ կանչի ռուսական հրամանատարությամբ գործող ՀՀ հումանիտար առաքելությունը Հալեպից

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«2019թ., այդ օրերի ՊՆ ապիկար ղեկավարության հորդորով, ելնելով Հայաստանի և Արցախի անվտանգության նկատառումներից՝ չնայած Արևմուտքի բացարձակ անհամաձայնությանը, Հայաստանը, ՌԴ հրամանատարության ներքո, հումանիտար առաքելություն ուղարկեց Սիրիա: 
Ուկրաինական ճակատում անհաջողությունների պատճառով Ռուսաստանը, կարծես, դուրս է բերում իր զորքերը Սիրիայից: 
Ի՞նչ է մտածում Հայաստանն այս առթիվ: 
Սիրիա զորք ուղարկելը, այդ օրերի պաշտպանության կարճամիտ նախարար Դավիթ Տոնոյանի համոզմամբ, ավելացնելու էր Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին, էապես փոխելու էր մեր երկրի դիրքավորումը, ավելի դիմադրողունակ էր դարձնելու: 
Հետագա դեպքերն ու իրադարձությունները այլ բան էին գուժում՝ արտաքին ռեգիոնալ խոշորամասշտաբ փոփոխությունների բերումով Հայաստանն արդեն կորցրել էր իր կարևորությունը Ռուսաստանի համար։ Դրա պարզորոշ նշանները ի հայտ եկան ապրիլյան պատերազմին, բայց, ինչպես հետագա իրադարձությունները ցույց տվեցին, ոչ հեղափոխությունից առաջ, ոչ դրանից հետո պաշտոնական Երևանը չէր հավատում, չէր ուզում հաշտվել այդ մտքի հետ: 
Չնայած Վաշինգտոնից, Բրյուսելից ստացվող բազմաթիվ զգուշացումներին՝ 2019թ. փետրվարի վերջին Երևանը որոշեց հանուն հավելյալ անվտանգային հովանոցի՝ աշխարհի կողմից մերժված ռուսական հրամանատարության ներքո Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկել:    
Արդյունքում, թեև ԱՄՆ նախագահ Թրամփի քաղաքականությունն էապես նվազեցրել էր այդ երկրի ներգրավվածությունը հետխորհրդային տարածաշրջանի բազմաթիվ խնդիրներում, այնուամենայնիվ, այս և շատ ուրիշ քայլեր, որոշումներ և հայտարարություններ ավելի նվազեցրին Արևմուտքի ներգրավվածությունը ղարաբաղյան կարգավորման և հարավկովկասյան տարածաշրջանային հարափոփոխ գործընթացներում: 
Հետևանքը 2020-ի ավերիչ պատերազմում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ, առնվազն երկու ծրագրի իրագործումն էր՝ Արցախի նվաճումը պատերազմով և հայկական պետականության կազմաքանդումը: 
Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարողացել իրականություն դարձնել՝ տարածաշրջանի ուժային բալանսը վերականգելու՝ Երևանի ձգտումների պատճառով: 
Գալով Սիրիայում հայկական հումանիտար առաքելությանը: 
Հաշվի առնելով Երևանի և ԱՄՆ-ի խորացող հարաբերությունների հեռանկարայնությունը՝ Երևանը այս հարցում պետք է նախաձեռնողականություն հանդես բերի և ետ կանչի ռուսական հրամանատարությամբ գործող ՀՀ հումանիտար առաքելությունը սիրիական Հալեպից»: